«Չորրորդ իշխանություն» և «Առավոտ» օրաթերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտարարում է, որ իր նկատմամբ համաներում կիրառելու դատարանի որոշումը իրեն պետք չի: Հիշեցնենք, որ օրերս, քրեական գործերով վերաքննիչ դատարանը Շամշյանի կամքին հակառակ համաներում է կիրառել նրա նկատմամբ, ազատելով լրագրողին 350 հազար դրամ տուգանք վճարելու պարտկանությունից: Նա մեղադրվում էր 2008 թ. օգոստոսի 5-ին Սմբատ Այվազյանի դատաքննության ժամանակ դատավոր Գագիկ Ավետիսյանին վիրավորելու մեջ: Մեղադրական վճռի մեջ դատավորը հիմք է ընդունել միայն դատական կարգադրիչների և նիստերի քարտուղարի ցուցմունքով:

Բանն այն է, սակայն, որ ըստ գործող օրենսդրության, մեկ անձի նկատմամբ արգելվում է 10 տարվա ընթացքում 1-ից ավելի անգամ համաներում կիրառել, իսկ Գ. Շամշյանը դատավոր Մհեր Աղրամանյանին տեղեկացրել է, որ 2007թ. իր նկատմամբ արդեն համաներում է կիրառվել եւ այն էլ 2 անգամ` տարբեր գործերով:

Դատավոր Մ. Աղրամանյանը լրագրողին ասել է, որ դրանով ինքը լավություն է արել իրեն, սակայն Շամշյանը կարծում է, որ ինքը որեւէ հանցանք չի կատըարել եւ համաներման կարիք չունի: Ավելին, ֆոտոլրագրողը պատրաստվում է դատավորի «լավության» մասին գրավոր տեղեկացնել ՀՀ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին եւ կից ուղարկել նաեւ 2007թ. իր նկատմամբ կիրառված համաներման որոշումները: Նա նաեւ պատրաստվում է բողոքարկել դատավոր Մհեր Աղրամանյանի իր նկատմամբ կայացրած համաներման որոշումը: