Արդեն մի քանի օր է, ինչ NEWS.am լրատվական գործակալությունը նույնաբովանդակ բողոք-նամակներ է ստանում Աբովյան քաղաքի բնակիչներից. պատճառը նրանց դժգոհությունը հարուցած փաստն է, որ սկսած դեկտեմբերի 13-ից՝ Երեւան-Աբովյան երթուղային տաքսիներն իրենց երթուղին ավարտում են ոչ թե նախկին նախանշված վայրում, ինչպես առաջ, այլ Աբովյան քաղաքի՝ ավելի քան 20 տարի անգործության մատնված ամայի ավտոկայանում, ինչը ստիպում է քաղաքի բնակիչներին իրենց թաղամասեր հասնելու համար ավել քան 15 րոպե սպասել անհարմար վայրում եւ կրկնակի վճարել ներքաղաքային տրանսպորտին (այս դեպքում «Բոգդան» մակնիշի ավտոբուսներին)։
Աբովյանցիների խոսքով, թեպետ ներքաղաքայինի ուղեվարձը 50 դրամ է, այնուամենայնիվ, քաղաքի կենտրոն հասնելու համար իրենք ստիպված են լինում ավելորդ դրամ, ժամանակ եւ նյարդեր ծախսել։ Աբովյանցիները այս հարցում շահագրգիռ որոշ անձանց՝ իրենցից հավելյալ շահույթ ստանալու դիտավորություն են տեսնում եւ համոզված են, որ գործընթացը ծրագրվել է Հայաստան «Բոգդան» մակնիշի ավտոբուսներ ներկրող, միեւնույն ժամանակ Աբովյան քաղաքի խոշոր տաքսի ընկերություններից մեկի սեփականատեր հանդիսացող անձի կողմից։
NEWS.am-ի թղթակիցը պարզաբանման համար դիմեց Աբովյանի քաղաքապետի օգնական Մանուկ Հակոբյանին։ Քաղաքապետի օգնականի խոսքով, Երեւան-Աբովյան երթուղին իրականացնող միկրոավտոբուսների վերջին կանգառը միշտ էլ եղել է քաղաքի ավտոկանգառը, սակայն երթուղայինների վարորդները, սահմանված կարգը խախտելով, ինքնակամ մուտք են գործել քաղաքի տարածք՝ այս կերպ խաթարելով երթեւեկությունը եւ հավելյալ անհարմարություններ ստեղծելով մարդկանց տեղաշարժի համար։ «Աբովյանի քաղաքպետարանը, ի դեմս քաղաքապետ Կարապետ Գուլոյանի, խնդիրը լուծելու համար երկու ամիս առաջ մրցույթ է հայտարարել. մրցույթը շահած համապատասխան ընկերությունն էլ այժմ իրականացնում է ներքաղաքային փոխադրումները»,- տեղեկացրեց նա՝ հավելելով, որ Աբովյանը հանրապետության միակ քաղաքն է, ուր երթեւեկությունն իրականացվում է բացառապես ավտոբուսներով՝ այս կերպ բեռնաթափելով քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը եւ բացառելով միկրոավտոբուսներով իրականացվող ուղեւորափոխադրումները։




























