Երեւանում բացվել է հայ-հնդկական տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն։ Ինչպես այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում, կենտրոնը կստեղծվի Հայաստանի եւ Հնդկաստանի կառավարությունների միջեւ տեղեկատվական եւ հեռարձակման ոլորտներում գործակցելու մասին կնքված համաձայնագրի շրջանակում։
Ըստ հիմնադրամի՝ կենտրոնում կպատրաստվեն ՏՏ ոլորտի բարձրակարգ մասնագետներ, որոնց միջոցով հնարավորություն կստեղծվի Հայաստանի ՏՏ ոլորտի շուկայում մեծացնել ներդրումների քանակը, եւ արտադրանքի արտահանումով մեծացնել շուկայի հասույթը։ Հիմնադրամում նշեցին, որ կենտրոնում վերապատրաստվելու են նաեւ բուհերի դասախոսները։
Հնդկաստանի կառավարությունը առաջարկել է նաեւ փորձագետներ եւ համագործակցություն՝ ՀՀ կառավարության համար բարձրակարգ էլեկտրոնային մասնագետներ պատրաստելու ուղղությամբ։ Երկու երկրները նաեւ գիտահետազոտական համատեղ աշխատանք կիրականացնեն։
Տեղեկացնենք, որ Հնդկաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրությամբ համաշխարհային առաջատար պետություններից է, եւ նմանատիպ կենտրոնների կազմակերպման մեծ փորձ ունի։




























