Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները թեւակոխում են նոր փուլ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 16-ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման ժամանակ: Վերջինս երեկ էր ժամանել Մոսկվա:
«Այսօր ընդունած մի շարք որոշումներից եւ հանդիպումներից հետո մենք թեւակոխում ենք հարաբերությունների նոր փուլ: Դրան նպաստում են այն հայտարարությունները, որոնք Դուք արել եք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո, եւ այն համատեղ աշխատանքը, որ մենք կատարել ենք»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
Մեդվեդեւը նշել է, որ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները մի քանի փուլեր են անցել «սկսած սառը պատերազմից՝ մինչեւ գործընկերային հարաբերությունների հաստատումը: Նա նաեւ հիշեցրել է օգոստոսյան պատերազմից հետո հարաբերությունների լարման մասին: Այսօր, նրա խոսքով, կողմերը շատ ընդհանուր թեմաներ ունեն քննարկելու,որոնց շարքում ահաբեկչության, հանցավորության դեմ պայքարն է եւ ընդհանուր սպառնալիքներին համատեղ դիմակայումը:
»Սպառնալիքները չեն նվազել, ընդհակառակը՝ շատացել են: Ով կարող էր պատկերացնել, որ պետք է համատեղ դիմակայենք այնպիսի մի խնդրի, ինչպիսին է ծովահենությունը",-ասել է Մեդվեդեւը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի փոխհարաբերություններից կախված է շատ բան, եւ հույս է հայտնել, որ Ռասմուսենի Մոսկվա կատարած այցի արդյունքում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները «կդառնան ավելի ամուր եւ արդյունավետ»,- հաղորդում է «Իզվեստիա» պարբերականը:




























