Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողներ իրենց մտահոգությունն են հայտնել սեպտեմբերի 23-ին Հայաստանի կառավարության կողմից հավանության արժանացած «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հնարավոր ընդունման վերաբերյալ:

Տարբեր կուրսերի 64 ուսանողների տարածած հայտարարության մեջ նշված է, որ օրինագիծը չի համապատասխանում իրավական եւ ժողովրդավարական պետության սկզբունքներին: «Նախագիծը ոչ միայն վտանգում է Հայաստանում առանց այդ էլ բազմապիսի խոչընդոտների հանդիպող քաղաքացիական հասարակության կայացմանը, այլեւ նպաստում է իշխանության եւ հասարակության միջեւ առկա անջրպետի առավել խորացմանը: Կարծում ենք, որ դա, առաջին հերթին, չի բխում կառավարության շահերից»,- նշել են ուսանողներն ու կոչ արել Ազգային ժողովի բոլոր գիտակից քաղաքական ուժերին՝ գիտակցել պահի լրջությունը եւ դեմ քվեարկել օրինագծի ընդունմանը: