ԱՄՆ կառավարությունը այսօր Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնին է փոխանցել համակարգչային տեխնիկա, 6 ռադիոկապ եւ մեկ «TOYOTA Corolla» ավտոմեքենա` ավելի քան 40 հազար դոլար արժողությամբ: Այդ արարողությանը մասնակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը եւ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը:

«Թրաֆիքինգի դեմ պայքարում ՀՀ ոստիկանությունը բավական արդյունավետ է գործում: Տնտեսապես ավելի զարգացած շատ երկրներ թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում գտնվում են հատուկ հսկողության ներքո, մինչդեռ Հայաստանում իրավապահ մարմինների հաջող աշխատանքի արդյունքում ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծված»,- ասել է նա:

Իր հերթին ԱՄՆ դեսպանը նշել է, որ թրաֆիքինգի դեմ պայքարը համատեղ աշխատանք է, ապա հավելել. «Վերջին ժամանակներս ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշում է Հայաստանում դրական զարգացումները»: Նրա խոսքով, չնայած դրական տեղաշարժին, դեռ շատ բան կա անելու թրաֆիքինգի դեմ պայքարում եւ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Հայաստանին այդ հարցում: