Կապան քաղաքում սեփական բնակարանում սպանված 85-ամյա Հրանտ Ծատուրյանի սպանության հեղինակը Որոտան գյուղի բնակիչ 29-ամյա  Կարեն Նավասարդյանն է, ով նրա հետ խնամիական կապեր է ունեցել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Որոտան գյուղից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 30-ին ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ իր բնակարանում հայտնաբերվել է 85-ամյա Հրանտ Ծատուրյանի դիակը: Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ Ծատուրյանին ծեծելով եւ խոշտանգելով սպանել է Որոտան գյուղի բնակիչ, նախկինում 3 անգամ դատապարտված, 29-ամյա Կարեն Նավասարդյանը: Ոստիկանության ՔՀԳ եւ Սյունիքի մարզային վարչությունների ու Կապանի բաժնի աշխատակիցների համատեղ ջանքերով, սպանությունից ժամեր անց, Կարեն Նավասարդյանը հայտնաբերվել է Երեւանում եւ բերման ենթարկվել ոստիկանություն:

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

NEWS.am-ի տեղեկություններով, Կարեն Նավասարդյանը նախկինում դատապարտվել է մեքենա առեւանգելու եւ դանակահարության համար: Նա Հրանտ Ծատուրյանի հետ խնամիական կապեր է ունեցել եւ վերջին շրջանում բնակվել է հենց նրանց շենքում (Շահումյան-13):

Որոտան գյուղից տեղեկացանք, որ Կարեն Նավասարդյանն այս գյուղում ապրել է մի քանի ամիս, սակայն անհայտ պատճառներով հետագայում տեղափոխվել է: Իսկ Որոտան գյուղ նա տեղափոխվել է Ղափանից: Տեղափոխության պատճառը եղել է Կարենի անցյալի հետ կապված դատական գործերի պատմությունը: Կարենի կինը, գյուղացիների պատմելով, Որոտան գյուղում ուսուցիչ է աշխատել:

Այս գործով քննիչ Ավետիք Հովհաննիսյանը NEWS.am-ի  հետ զրույցում հաստատեց, որ Կարեն Նավասարդյանը մեղքն ընդունել է, սակայն փոխանցեց, որ հարցաքննությունը շարունակվում է եւ սպանության պատճառների մասին ոչինչ ասել չի կարող: