Թերթը գրում է, թե վերջին օրերին մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ իշխող Հանրապետական վերնախավը այս կամ այն ռեստորանում նշում է խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակը:
«Ելնելով այն իրողությունից, որ այդ խնջույքներին համարյա միշտ ներկա է լինում երկրի նախագահը, կարելի է կարծել, որ հետընտրական հաղթական քեֆերը մեր իրականության մեջ դառնում են պետական նշանակության միջոցառումներ` կամաց-կամաց վերածվելով ավանդույթի:
Իսկապես, վարքաբանները նկատում են, որ Հանրապետականի խնջույքասիրությունը նվազելու փոխարեն օրեցօր բորբոքվում է, ահա թե ինչու Երեւանի վարչական շրջաններում տեղական «կտրվածքներով» հաղթանակները «նշելուց» հետո սահուն կերպով նրանք անցել են «ռայոններին»: Նախագահի մասնակցությամբ վերջին «ռայոնական» քեֆը տեղի է ունեցել Էջմիածնում, որի անվտանգ անցկացման համար, ինչպես աչալուրջ մամուլն է արձանագրել, ճանապարհներին պարեկել են աննախադեպ մեծ թվով ոստիկաններ: Վերջին հանգամանքը, բնականաբար, խոսում է քեֆերի «բովանդակության» եւ, մանավանդ, լրջության մասին:
Հետաքրքիր է, Եվրոպայում, որին ինտեգրվելու համար Հանրապետականի խելքն իրենը չէ, արդյո՞ք ընդունված է այս ավանդույթը, արդյո՞ք այնտեղ էլ են ընտրություններում տարած հաղթանակը շռնդալից կերպով դարձնում մրցակիցների ջախջախիչ պարտության ցուցադրություն եւ նշում երկրի նախագահի մակարդակով:
Առայժմ կարծեք թե եվրոպաներից այդպիսի լուր չկա, նույնիսկ «վայրի» Ռուսաստանում 2011 թվի դեկտեմբերը չդարձավ եդինոռուս քեֆչիների պարբերական տոնախմբությունների ամիս, որոնց, կարծեք, չմասնակցեցին ոչ Մեդվեդեւը, ոչ Պուտինը: Ասիական այս ավանդույթը, սակայն, այլեւս այնքան խորն է նստած հայ պաշտոնական դասի մտածելակերպում, որ քիչ է մնում այն դարձնեն ավանդականության եւ իշխող վերնախավի ազգային «ինքնության» պահպանման վկայություն»,- գրում է «Երկիրը»:


























