«Հրապարակն» իր խմբագրականում գրում է. «Մենք այնքան ենք տարվել Ազգային ժողովի ընտրություններով, մանդատների հանձնմամբ ու պաշտոնակռվով, որ չենք նկատում, թե ինչ է կատարվում մեր շուրջ՝ հասարակ մարդկանց կյանքում: Մինչդեռ այս օրերին հասարակությունը տարված է ոչ թե ԱԺ մանդատներով ու պաշտոններով, այլ դոլարի կուրսի բարձրացմամբ, ինչն այս կամ այն կերպ ազդում է բոլորի կենսամակարդակի ու բյուջեի վրա:

Մարդիկ ուշադիր հետեւում են նաեւ քրեական, կենցաղային խրոնիկային. Նալբանդյան 106 հասցեում հերթական ծառերն են կտրվել, եւ շինարարությունը թափով առաջ է գնում, Փակ շուկայի տանիքն են քանդում, բնապահպանները կրկին պայքարի են ելել: Երկու օր առաջ «Էլեկտրոն» գործարանում մեծ պայթյուն եղավ, եւ երկու մարդ զոհվեց: Երեկ էլ երկու տարբեր վայրերում մարդիկ են մնացել քանդվող ու կառուցվող շենքերի պանելների տակ:

Ինչպե՞ս է ընկալում այս լուրերը շարքային քաղաքացին: Մեր շենքի պահակն օրինակ, որ տարեց ու իմաստուն մարդ է, ասում է. «Աստված զայրացել է հայերի վրա, այսպես է հասկացնում, որ չի կարելի այդքան մեղք գործել, այդքան հեռանալ իր պատվիրաններից»: Իսկ մոտակա խանութի վաճառող տիկին Լուսիկը հառաչում է. «Էհ, տղես անընդհատ կանչում է Ֆրանսիա, մինչեւ հիմա դիմադրել եմ՝ չեմ գնացել, հիմա երեւի էլ ճար չունեմ, թողնեմ-գնամ»: Սա ժողովրդի ձայնն է, իսկ «ձայն բազմաց՝ ձայն Աստծո»:

Արժե լսել այս ձայնը եւ սրանից հետեւություններ անել: Ոչինչ այս երկրագնդի վրա անհետեւանք չի անցնում, եւ ցանկացած ազդեցություն հակազդեցություն է ծնում: Օրենքներ կան՝ Նյուտոնի, Արքիմեդի, եթե անգամ չես հավատում Աստծո օրենքներին: Եվ երբ դրանց դեմ ես գնում, մի օր ֆիզիկայի թե կյանքի օրենքները քեզ կպատժեն: Կհասկացնեն, որ երկրի վրա ապրելիս չի կարելի վերերկրյա կամ անդրերկրյա օրենքներով ապրել»: