Մի քանի շաբաթ տեւած բողոքի գործողություններից հետո ավստրալական Սիդնեյ քաղաքի իշխանությունները վերջապես որոշեցին տեղադրել ասորիների ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրը Ֆերֆիլդում՝ քաղաքի արվարձաններից մեկում:

Այդ կապակցությամբ քաղաքային խորհրդի շենքի մոտ էին հավաքվել Ավստրալիայի հայկական, ասորական եւ թուրքական համայնքների ներկայացուցիչները: Բնականաբար, նրանք ժամանել էին տարբեր տրամադրություններով: Ներկա են եղել նաեւ ոստիկանության ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ Առաջին Համաշխարհայինի տարիներին ավելի քան 750 հազար ասորի քրիստոնյաներ ոչնչացվել են Թուրքիայում Օսմանյան իշխանությունների կողմից: Հայերի, ասորիների եւ հույների նպատակամղված ոչնչացումը Օսմանյան Թուրքիայի քաղաքական գաղափարախոսության անբաժանելի մասն էր, որն ուղղված էր երկրի քրիստոնեական փոքրամասնություններին բնաջնջմանը: