Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո, մայիսի 25-ին, Վենետիկում անցկացվել է «Հայաստան. նոր շուկա իտալական ընկերությունների համար» խորագրով գործարար համաժողովը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Զարգացման Հայկական գործակալությունը, «Ինֆոարմենիա» կազմակերպությունը, Վենետիկի քաղաքապետարանը եւ Բիզնեսի եվրոպական գործակալությունը:

Համաժողովի աշխատանքներին մասնակցել են շուրջ 80 իտալական ընկերությունների ներկայացուցիչներ Վենետո նահանգից:

Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանել էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ.Հարությունյանը եւ Զարգացման Հայկական գործակալության տնօրեն Ռ.Հարությունյանը, ովքեր իրենց ելույթներում ներկայացրեցին Հայաստանում առկա բիզնես միջավայրը եւ վերջինիս բարելավման նպատակով իրականացվող հետեւողական քայլերը, ներդրումային քաղաքականությունը, հարկային քաղաքականությունը, մշտապես կատարելագործվող համապատասխան իրավական դաշտը: Համաժողովի մասնակիցներին ներկայացվել են նաեւ Հայաստանի արտահանման/ներմուծման ցուցանիշները եւ հիմնական ոլորտները, միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունների կողմից Հայաստանին տրված գնահատականները: Մասնակիցներին տեղեկացրել են նաեւ Հայաստանում արդեն իսկ գործող իտալական ընկերությունների գործունեության մասին:

Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Բ.Սահակյանը, ով իր ելույթում անդրադարձել է հայ-իտալական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող գործունեությանը եւ առկա ծրագրերին: Գոհունակությամբ նշվել է տվյալ բնագավառում 2011թ. կտրվածքով արձանագրված զգալի առաջընթացը եւ ընթացիկ տարում եւս պահպանվող դրական զարգացումը: Նշվել է նաեւ հայաստանյան շուկայի հանդեպ իտալական ընկերությունների հետաքրքրության աճի մասին: Առանձնահատուկ ընդգծվել է այն հանգամանքը, որ Հայաստանը, տարածաշրջանի երկրներից շատերի հետ առեւտրատնտեսական ամուր կապեր եւ ազատ առեւտրի մասին պայմանագրեր ունենալու շնորհիվ, կարող է Իտալիայի համար շահավետ գործընկեր հանդիսանալ հայ-իտալական համատեղ արտադրանքը տարածաշրջանի շուկաներ արտահանելու տեսանկյունից:

Համաժողովին մասնակցող Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ա.Ղազինյանը անդրադարձել է ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների վերջին զարգացումներին, մասնավորապես` ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրման պարագայում փոխգործակցության խորացման հեռանկարներին: