Հունիսի 1-ին Կոսովոյում սերբերի եւ ՆԱՏՕ-ի զինծառայողների միջեւ տեղի ունեցած բախումների ընթացքում կան վիրավորներ:
Տուժել են երեք սերբեր եւ KFOR-ի մեկ զինծառայող:
Ըստ սերբյան РТС հեռուստաալիքի տեղեկության` երեք սերբեր տուժել են KFOR-ի ուժերի կողմից ռեզինե փամփուշտներ կիրառելու հետեւանքով: Տուժածներից մեկը գտնվում է ծանր վիճակում: Զվեչան քաղաքի աշխատակազմի ներկայացուցիչ Քրիսթմիր Պանտիչը նշել է, որ հիմքեր կան ենթադրելու, որ սերբերի դեմ մարտական փամփուշտներ են կիրառվել:
Ինչպես հայտնում են սերբական լրատվամիջոցները, մայիսի 1-ի առավոտյան KFOR-ի ուժերն սկսել են քանդել սերբերի պատնեշները, որոնք կանգնեցվել էին Զվեչան քաղաքի մատույցներում: Զինծառայողներն արցունքաբեր գազ են կիրառել եւ, ըստ պաշտոնական տվյալների, ռեզինե փամփուշտներ: Ներկայումս KFOR-ի ուժերը շարժվում են Քրսթի եւ Մեծ Ռուդարի բնակավայրերի ուղղությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
РТС հեռուստաալիքի տարածած կադրերում երեւում է, որ ՆԱՏՕ-ի զինծառայողները պատնեշների հաղթահարման համար զրահապատ մեքենաներ են կիրառում եւ ուղղաթիռներից հետեւում են քանդման աշխատանքների ընթացքին:




























