Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրային:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Հնդկաստանի անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության սկզբնավորման եւ հետագա խորացման հարցը: Անվտանգության ոլորտում համագործակցության ուղղությունները նախանշելու նպատակով Արթուր Բաղդասարյանն իր հնդիկ պաշտոնակցին հրավիրել է Հայաստան:
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել երկկողմ կապերի խորացմանը փոխադարձ կարեւորություն ունեցող տարբեր ոլորտներում:
Նա տեղեկացրել է, որ 2010 թվականին Հնդկաստանը Հայաստանում մի շարք ծրագրեր նախաձեռնելու մտադրություն ունի, այդ թվում` Հայաստանում նախատեսվում է բացել տեղեկատվական տեխնոլոգիաների հայ-հնդկական կենտրոն:




























