Ղարաբաղում խաղաղարար ուժերի տեղակայումը վտանգավոր հետեւանքներ կառաջացնի Ադրբեջանի համար: Ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն «1news.az»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ոչ Ռուսաստանը եւ ոչ էլ ԱՄՆ-ն իրենց չեն դրսեւորել որպես իսկական խաղաղարար: «Ռուսաստանը Աբխազիան եւ Հարավային Օսիան առանձնացրեց Վրաստանից, իսկ ԱՄՆ-ը` Կոսովոն՝ Սերբիայից: Այդ իսկ պատճառով, եթե մենք չենք ցանկանում արժանանալ այդ նույն ճակատագրին, չպետք է թույլ տանք, որպեսզի Ղարաբաղում հայտնվեն այս երկրների խաղաղարարները»,- ասել է Գուլուզադեն եւ հավելել, թե Ադրբեջանը պետք է «ելնի քի-վեստյան համաձայնագրից, համաձայն որի՝ Ադրբեջանը եւ Հայաստանը պայմանավորվել են Ղարաբաղում օտարերկրա խաղաղարար ուժեր չտեղակայել, այլ անվտանգությունն ապահովել սեփական ուժերով»:
Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի խաղաղարարների հայտնվելը չափազանց վտանգավոր է հակամարտության գոտու համար, թեեւ ամեն ինչ կախված է Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ ունեցած պայմանավորվածությունից:
«Ադրբեջանը Սերբիան չէ, որը խոր տարաձայնություններ ուներ ԱՄՆ-ի հետ, եւ ոչ էլ Վրաստանն է, որը լուրջ խնդիրներ ուներ Ռուսաստանի հետ: Մենք ոչ ԱՄՆ-ի եւ ոչ էլ Ռուսաստանի հետ լուրջ խնդիրներ չունենք: Սակայն Բաքուն պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ղարաբաղում խաղաղարարներ չլինեն»,- նշել է քաղաքագետը:



















