Իրանի նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Միրհոսեին Մուսավիի մի քանի հազար կողմնակիցներ այսօր նրա աջակցությանն ուղղված ինքնաբուխ ցույց են կազմակերպել Թեհրանի փողոցներում: Դա տեղի է ունեցել երկրի նախկին նախագահ եւ մեծ հեղինակություն վայելող Հաշեմի Ռաֆսանջանիի աղոթքից հետո: Հաղորդում է «Ռոյթերս»-ը: Նույն աղբյուրի փոխանցմամբ, ավելի վաղ ոստիկանությունը մահակների եւ արցունքաբեր գազի օգնությամբ ցրել էր Մուսավիի կողմակիցներին, որոնք հավաքվել էին Թեհրանի համալսարանի մոտ: Այնտեղ աղոթքով հանդես է եկել Հաշեմի Ռաֆսանջանին: Ականատեսների վկայությամբ, 15 մարդ ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ Ռաֆսանջանին, ով 2005 թվականի նախագահական ընտրություններում պարտվել էր ներկա նախագահ Մահմուդ Ահմադինեջադին, այս տարվա ընտրություններում ակտիվորեն աջակցում էր ընդդիմադիր թեկնածու Մուսավիին:

Ռաֆսանջանին իր ելույթում նշել է, որ Իրանի շատ քաղաքացիներ կասկածում են հունիսի 12-ին տեղի ունեցած ընտրությունների պաշտոնական արդյունքներին եւ կոչ է արել իշխանություններին՝ վերականգնել վստահությունն իրենց նկատմամբ: Նա նաեւ կոչ է արել ազատ արձակել ընտրություններին հաջորդած անկարգությունների արդյունքում ձերբակալված անձանց:

Իրավիճակն Իրանում արդեն մեկ ամսից ավելի է անհանգիստ է: Ընտրություններում պարտված թեկնածուի կողմնակիցները իշխանություններին մեղադրում են քվեարկության արդյունքները կեղծելու մեջ եւ պահանջում են չեղյալ համարել դրանք: Անկարգությունների արդյունքում մահացել են 27 մարդ, մոտ հարյուր մարդ ձերբակալվել է: