Արարատի եւ Վայոց ձորի  ընդհանուր իրավասության դատարանում սկեսուրի` Հայկանուշ Միքայելյանի  եւ ամուսնու` Դավիթ Զիրոյանի  կողմից դաժան ծեծի ենթարկված Մարիամ Գեւորգյանի գործով հերթական դատական նիստն այսօր` հունիսի 5-ին, հետաձգվեց: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արարատի եւ Վայոց ձորի  ընդհանուր իրավասության դատարանից:

Նիստը հետաձգելու պատճառը Դավիթ Զիրոյանի` դատարան չներկայանալն էր:

Տուժողի փաստաբան Նորա Գալստյանը միջնորդեց, որ հաջորդ նիստը կայանա Արտաշատի դատարանում, որպեսզի հնարավորություն լինի նիստը ձայնագրել,  ինչը բավարարվեց: Մինչ այդ  դատարանը բավարարել էր առաջին կնոջ` Մելինե Բայաթյանի միջնորդությունը` նիստերն անցկացնել դռնփակ: Այս որոշմանը դեմ է Մարիամի շահերը պաշպանող իրավաբանը, ով նշել էր, որ  գործի փակ քննությունը կարող է խոչընդոտել արդար դատավարությանը: Վերջինս դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, քանի որ կարծում է, որ նա կողմնակալ է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հարսներին դաժանաբար ծեծի եւ կտտանքների ենթարկելու մեջ մեղադրվող սկեսուրի հանդեպ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է եւ քրեական գործն ուղարկվել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: Համաձայն կազմված մեղադրական եզրակացության` Հայկանուշ Միքայելյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է եւ առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առանձին դաժանությամբ խոշտանգում) եւ 113 -րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):

Նշենք նաեւ, որ Հայաստանի Ոստիկանության Արարատի քննչական բաժանմունքի կողմից 10.11.2010 թվականին հարուցվել է թիվ 26117910 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով, այն է` առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը:

Քրեական գործի հարուցման առիթ են հանդիսացել Արտաշատ քաղաքի բնակչուհի Մելինե Բայաթյանի եւ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակչուհի Մարիամ Գեւորգյանի` հանցագործության մասին ներկայացված գրավոր հաղորդումներն այն մասին, որ Հայկանուշ Միքայելյանը ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում գտնվող իրենց տանը պարբերաբար 2005 թվականի դեկտեմբերից մինչեւ 2010 թվականի հոկտեմբեր ժամանակ առ ժամանակ նաեւ իր որդի Դավիթ Զիրոյանի հետ միասին առանձին դաժանությամբ դիտավորությամբ ծեծի է ենթարկել, մարմնական եւ հոգեկան տառապանքներ պատճառել իր որդի Դավիթ Զիրոյանի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կանանց` Մելինե Բայաթյանին եւ Մարիամ Գեւորգյանին:

Քննիչի 2010-ի դեկտեմբերի 28-ի որոշմամբ Հայկանուշ Միքայելյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը (եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Քննիչի մեկ այլ` 20.08.2011 թվականի որոշմամբ նշված քրեական գործի նախաքննության ընթացքում Դավիթ Զիրոյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) եւ 118-րդ հոդվածով (ծեծ), սակայն 18.09.2011թվականին համաներման հիմքով Դավիթ Զիրոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: