«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն այսօր «Դե ֆակտո» ակուբում չափազանց դրական գնահատեց Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների կողմից մադրիդյան սկզբունքերի բացահայտումը: Ըստ Սաֆարյանի` հրապարակվել են միայն այն սկզբունքները, որոնց շուրջ կողմերը եկել են ընդհանուր հայտարարի, իսկ մնացած սկզբունքների շուրջ դեռ ընթանում են բանակցություններ:
ԲՀԿ ներկայացուցիչը մեծ ակնկալիքներ չունի նաեւ այսօր Մոսկվայում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպումից, նույնիսկ կարծում է, թե Ադրբեջանը կարող է ձախողել բանակցությունները եւ հայտարարել այդ առաջարկությունների փաթեթը չընդունելու մասին: «Այն ֆոնը, որի վրա Ադրբեջանի նախագահը գնացել է Հայաստանի նախագահի հետ հանդիպելու, ինձ համար առանձնապես դրական չէ»,- նկատեց Սաֆարյանը` միաժամանակ հավելելով, թե Հայաստանը պետք է շարունակի իր կառուցողական մասնակցությունը, որը պետք է արտահայտվի բանակցությունները չդադարեցնելու մեր ջանքերի, դրանք շարունակելու եւ տրամաբանական ավարտի հասցնելու պատրաստակամության մեջ: Ավելին, ըստ Սաֆարյանի, ինչ-որ մի «իքս ժամին բանակցությունների սեղանի մոտ է հրավիրվելու նաեւ ղարաբաղյան կողմը»:




























