Լրագրողների պաշտպանության նյույորքյան կոմիտեի տվյալներով, ընթացիկ տարում 68 լրագրող է սպանվել։ Եւս 20 լրագրողների սպանության փաստով քննություն է իրականացվում։
Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», իրավապահ կազմակերպությունը նախօրեին հրապարակել է ամենամյա հաշվետվությունը, որում նշվում է, որ 2009-ի՝ լրագրողների մահացությունների դեպքերը ռեկորդային են։ Անցած տարի այդ թիվը կազմել է 42, 2007-ին՝ 67 մարդ, ովքեր հիմնականում զոհվել են իրաքյան պատերազմի եւ բռնությունների հետեւանքով։
Լրագրողների պաշտպանության կոմիտեն բացատրում է, որ սպանությունների բարձր մակարդակն ընթացիկ տարում պայմանավորված է Ֆիլիպիններում նոյեմբերին սպանված 31 լրագրողների փաստով։
2009թ. ընթացքում սպանված բոլոր լրագրողների անունները կհրապարակվեն հունվարին։




























