«Մենք տպավորված ենք Ճապոնիայի ժողովրդի կողմից 2011-ի աղետի հետեւանքները հաղթահարելու արդյունավետությամբ: Այս մասին, Տոկիոյի Սոկա համալսարանում ունեցած իր ելույթում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահին շնորհվել է  Սոկա համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան:

Սերժ Սարգսյանն իր ելույթում, մասնավորապես, ասվել է.

«Նախ ցանկանում եմ ողջ հայ ժողովրդի անունից խորին ցավակցություն հայտնել անցյալ տարի տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի ողբերգալի հետեւանքների կապակցությամբ: Հայաստանը 25 տարի առաջ անցել է այդ աղետի ողջ սարսափի միջով, եւ մենք հասկանում ու կիսում ենք ճապոնացի ժողովրդի վիշտն ու ցավը: Ճապոնիան այն ժամանակ առաջիններից մեկը օգնության հասավ՝ ցուցաբերելով ծայրահեղորեն անհրաժեշտ հումանիտար օգնություն, իսկ անցյալ տարի Հայաստանը Ճապոնիայի համար դժվարին պահին արձագանքեց դժբախտությանը՝ մասնակցելով այդ աղետի հետեւանքների վերացմանը: Անցնելով երկրաշարժից տուժած թաղամասերի վերականգնման դժվարին փուլերով՝ մենք, ավելի լավ, քան որեւէ մեկը, հասկանում ենք աշխատանքի այն հսկայական ծավալը, որը պետք է իրականացնի ձեր կառավարությունը:

Մենք տպավորված ենք Ճապոնիայի ժողովրդի կողմից աղետի հետեւանքները հաղթահարելու արդյունավետությամբ: Կասկած չունենք, որ Ճապոնիան ոչ միայն կհաղթահարի բոլոր խնդիրները, այլեւ այս փորձությունից դուրս կգա ավելի կոփված:

Հայաստանը, որը Ճապոնիայի նման ունի հին պատմություն եւ մշակութային հարուստ ժառանգություն, դարերի ընթացքում զրկված է եղել պետականությունից: 20 տարի առաջ՝ Խորհրդային միության փլուզումից հետո, մենք անկախություն հռչակեցինք, եւ Ճապոնիան առաջին երկրներից մեկն էր, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք: Այս 20 տարիների ընթացքում մենք զգացել ենք Ճապոնիայի կառավարության եւ ժողովրդի բարեկամական աջակցությունը. ձեր երկիրն անհատույց օգնում էր մեզ հաղթահարել անցումային շրջանի սոցիալ-տնտեսական դժվարությունները: Ժամանակին այդպիսի օժանդակություն է ցուցաբերվել «Զարգացմանը պաշտոնական աջակցության» շրջանակներում, որի շնորհիվ տնտեսության, մշակույթի եւ շատ այլ ոլորտներում իրականացվեցին նպատակային նախագծեր:

Մեր երկրում առանձնահատուկ հարգանք ունեն Ճապոնիայի նկատմամբ, որի ժողովուրդը հազարամյակների ընթացքում հոգատարությամբ պահպանում է ոչ միայն իր մշակութային հարուստ ժառանգությունն ու ավանդույթները, այլեւ ակտիվորեն մասնակցում համաշխարհային մշակութային ժառանգության պահպանմանը:

Ձեր երկիրը մեզ համար օրինակ է այնպիսի պետության, որը, կրթության, գիտության եւ մշակույթի առաջնահերթությունների ճիշտ ընտրված զարգացման ռազմավարության շնորհիվ, հասել է հսկայական հաջողությունների՝ արժանի տեղ զբաղեցնելով աշխարհի առաջնորդ պետությունների շարքում:

Հայ-ճապոնական հարաբերությունները չեն սահմանափակվում վերջին 20 տարիների ժամանակահատվածով: Դեռեւս Մետաքսի ճանապարհի ժամանակներում հայ վարպետների արտադրանքն ու ապրանքները հայտնի էին ճապոնական շուկաներում: Արդեն 17-18-րդ դարերում հայկական նավերը Իրանից եւ Հնդկաստանից հասնում էին Ասիայի արեւելյան նավահանգիստներ:  Նաեւ հայտնի է, որ 19-րդ դարի կեսերին Կալկաթայից սերող Աբգարի հայ ընտանիքին պատկանող առեւտրային նավատորմի նավերը պարբերաբար երթեր էին իրականացնում Կալկաթայի եւ ճապոնական Յոկոգամա, Կոբե, Նագասակի նավահանգիստների, ինչպես նաեւ Սինգապուրի եւ Հոնգկոնգի նավահանգիստների միջեւ: 19-20-րդ դարերի սահմանագծում Ճապոնիայի տարբեր քաղաքներում Աբգար, Փափազյան, Աղաբեկյան տոհմերի հայ արդյունաբերողները հիմնել են իրենց ընկերությունները: Տիկին Դիանա Աբգարը՝ Աղաբեկյան տոհմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, 1918թ. Հայաստանի անկախության հռչակումից հետո դարձավ Ճապոնիայում Հայաստանի առաջին պատվավոր հյուպատոսը:      

Կարելի է երկար թվարկել հայ-ճապոնական պատմական կապերի հիշարժան իրադարձությունները, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ մեր ժամանակակից համագործակցությունը դառնում է ավելի բազմակողմանի` ընդգրկելով այնպիսի ոլորտներ,   որոնցից է, օրինակ, ճարտարապետությունը: Մենք հետաքրքրությամբ սպասում ենք Երեւանի կենտրոնում նոր ճարտարապետական համալիրի կառուցմանը, որի հեղինակն է միջազգային մրցույթում հաղթած հայտնի ճապոնացի ճարտարապետ Արաին:

Հայաստանը միշտ հետաքրքրված է եղել ճապոնական հարստագույն մշակույթով` դարավոր ավանդույթներով արվեստի այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են գեղանկարչությունը, ճարտարապետությունը եւ գրականությունը, որոնց հետ ծանոթացմանը զգալիորեն նպաստում են նախորդ դարի 90-ական թվականներից Հայաստանում գործող ճապոներեն լեզվի, գրականության եւ արվեստի ուսումնասիրության կենտրոնները, ինչպես նաեւ համալսարաններում  ճապոնագիտության բաժինները: Ավելանում է նաեւ հայ երիտասարդության շրջանում հանրահայտ ճապոնական  մարտարվեստի սպորտային սեկցիաների քանակը:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին ընդառաջ Հայաստանում եւ Ճապոնիայում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված: Այս հոբելյանի նշումը մեր ժողովուրդների համար միմյանց լավ ճանաչելու գերազանց հնարավորություն է: Այս տարի Հայաստանի մայրաքաղաք Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք, մենք տոնում ենք հայ գրատպության 500-ամյակը: Հաճույքով հրավիրում եմ ձեզ բոլորիդ այցելել Հայաստան: Համոզված եմ, որ հետաքրքիր եւ հիշարժան ուղեւորություն կլինի:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Սոկա համալսարանին՝ ցուցաբերած պատվի համար եւ հույս ունեմ, որ կրթության եւ մշակույթի ոլորտներում մեր կապերն այսուհետ եւս կզարգանան՝ ի նպաստ մեր ժողովուրդների ապագայի»: