Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայանալիք խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու ղարաբաղյան հարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների համար, քանի որ դրանք առաջին համահանրապետական ընտրություններն են նախագահական ընտրություններից հետո, եւ միջազգային հանրությունն անհամբեր սպասում է դրանց ընթացքին, եւ խախտումների դեպքում Հայաստանի վրա ճնշումներ են լինելու: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, առաջին անգամ 10-րդ ընտրատարածքում, որը Երեւանի կենտրոնական ընտրատարածքն է, եւ որտեղ հիմնականում բնակվում է մայրաքաղաքի մտավորականությունը, փորձում են անցկացնել «քաղաքական ոչնչության», «դատարկ դհոլի», «բուֆետպանի», որը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ազգականն է: «Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը համախմբել է ընտրատարածքի բոլոր քրեական հեղինակություններին, թմրամոլներին՝ մտավորականության թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում, որը քաղաքական դրդապատճառներով գտնվում է բանտում»,- նշեց Հովհաննիսյանը:

Ընդ որում, նա շեշտեց, որ մտադիր է հանել իր թեկնածությունը Փաշինյանի օգտին եւ անգամ ընտրությունների օրը դիտորդական առաքելություն ստանձնել: Հովհաննիսյանը մտադիր է մասնակցել նաեւ ընդդիմության հունվարի 8-ի հանրահավաքին:

Քաղաքագետի կարծիքով, Փաշինյանն ունի բոլոր շանսերը՝ հաղթանակ տանելու, սակայն չբացառեց Երեւանի քաղաքապետի համախմբած «սեւ ուժերի» հետ ընդհարումը: Հովհաննիսյանը հայտնեց նաեւ, որ արդեն այսօր խնդիրներ են հարուցվում բոլոր հեռուստաալիքների կողմից՝ ընդդիմադիր թեկնածուների քարոզարշավի համար, բացառությամբ ԱԼՄ-ի:

Հիշեցնենք, որ ընտրություններն այդ ընտրատարածքում կայանալու են հունվարի 10-ին: