Մի խումբ քաղաքացիներ, հունիսի 7-ի կեսօրին Բագրատաշենի մաքսակետում փորձել են խոչընդոտել մաքսային ծառայողների բնականոն աշխատանքը: Այս մասին նշվում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ ՊԵԿ-ի, Թուրքիայից վերադարձող զբոսաշրջիկներով միանգամից հինգ ավտոբուս մոտեցել է Բագրատաշենի մաքսակետին: Նախքան առաջին ավտոբուսի զննումը զբոսաշրջիկները շուրջ 4-5 ժամ քննարկել եւ չեն կարողացել կողմնորոշվել` մաքսային ձեւակերպումները կատարել Բագրատաշենի մաքսակետո՞ւմ, թե՞ Երեւան հասնելուց հետո: Այդ ընթացքում մաքսատան աշխատակիցներն արտահերթ սպասարկել են բոլոր այն քաղաքացիներին, որոնք իրականում եղել են զբոսաշրջիկներ եւ չեն ունեցել առեւտրային քանակության բեռներ (ԱՄՆ հայազգի քաղաքացիներ, տարեցներ եւ երեխաներ):

ՊԵԿ-ի հաղորդագրության համաձայն. սահմանը հատող մյուս զբոսաշրջիկների ուղեբեռների զննության ժամանակ ոմանք սկսել են խոչընդոտել մաքսային ծառայողների աշխատանքը` չենթարկվելով նրանց օրինական պահանջներին եւ դրսեւորելով ակնհայտ ագրեսիվ պահվածք:

«Այդ առումով, հատկապես աչքի են ընկել քաղաքացիներ Կարեն Կիրակոսյանը, Կամո Շահբազյանը, Էդմոնդ Հակոբյանը, ովքեր փորձել են  իրենց բեռները տեղափոխել` առանց մաքսային ձեւակերպումների` այդպիսով խուսափելով սահմանված չափը զգալիորեն գերազանցող ապրանքների համար վճարում կատարելուց, ինչը բնականաբար չէր կարող թույլատրվել մաքսային ծառայության աշխատակիցների կողմից: Ավելորդ չենք համարում նշել, որ մեկ ավտոբուսի զննումը զբաղեցրել է շուրջ երկու ժամ: Այսօր վաղ առավոտյան հունիսի 7-ի կեսօրին մաքսակետ ժամանած 5 ավտոբուսներից վերջինն արդեն ճանապարհ էր ընկել Բագրատաշենի մաքսակետից:

Որպես ամփոփում ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ՀՀ Մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն, ֆիզիկական անձինք կարող են 180 օրը մեկ անգամ, առանց մաքսատուրք վճարելու, որպես ուղեկցող բեռ տեղափոխել ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50կգ-ը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 000 դրամը: ՊԵԿ-ը տեղեկացնում է որպես զբոսաշրջիկ ներկայացող այն քաղաքացիներին, ովքեր իրականում առեւտրային գործունեություն են իրականացնում` առնվազն ամիսը մեկ անգամ փորձելով օգտվել վերոհիշյալ արտոնությունից, որ այսուհետ եւս հետեւողական է լինելու մաքսային օրենսդրության այդ պահանջի կատարման հարցում»,-ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ: