Փափուկ, ձյունաճերմակ վանա կատուն՝ տարագույն աչքերով՝ կապույտ եւ կանաչ, դարձել է 2010թ. օգոստոս-սեպտեմբերին Թուրքիայի չորս քաղաքներում կայանալիք բասկետբոլի աշխարհի առաջնության պաշտոնական խորհրդանիշ:

Նման որոշում է կայացրել բասկետբոլի միջազգային ֆեդերացիան՝ այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ստամբուլում կայացած նիստում: Ի դեպ, հենց վանա կատուն է խորհրդանշում Անկարայի՝ ԵՄ-ին անդամագրվելու ցանկությունը, նրա պատկերը նկարված է ԵՄ-Թուրքիա բանակցությունների բոլոր փաստաթղթերի վրա:

Նոր տարվա սկզբին, ավանդույթի համաձայն, Թուրքիայում վանա կատուների «հարսանիքներ» են կայանում, որոնք կազմակերպվում են մասնագետ-բնապահպանների հատուկ թույլտվությամբ: Դա արվում է կատուների պաշտպանության համար, քանի որ նրանց թիվը հասնում է հազիվ հազարի: Նրանք հրապուրում են իրենց շքեղ տեսքով: Վանա կատուները մտցված են Կարմիր գրքի մեջ, եւ այլ երկրներ տեղափոխելն արգելվում է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: