Կիրակի օրը Բաքվում ցերեկային քուն մտած ընթերցողներին հերթական անգամ հրամցվել էր ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանի հարցազրույցը՝ այդ երկրի կողմից կազմակերպության Անվտանգության խորհրդում ունեցած «հաջողությունների» մասին: Ըստ էության, Day.az կայքում հրապարակված հոդվածը հերթական փորձերից էր փրկելու՝ միջազգային կազմակերպություններում «ադրբեջանական խավիարի» միջոցով իրականացվող Բաքվի արտաքին քաղաքականության խարխլված համբավը:
Ադրբեջանի մեծագույն տապալումներից կարելի է համարել վերջերս Բաքվում անցկացված Եվրատեսիլի արդյունքները, որն ադրբեջանական ղեկավարությունը պլանավորում էր օգտագործել իր երկրի միջազգային վարկանիշը բարձրացնելու եւ Ադրբեջանը իբր թե որպես ժամանակակից եւ բարգավաճող եվրոպական երկիր ցույց տալու համար: Իրականում, համաեվրոպական այս երգի մրցույթը, որը շլացուցիչ փայլով անցկացնելու եւ եվրոպացիների աչքը զարմացնելու նպատակով միլիոնավոր դոլարներ ծախսվեցին, հակառակ էֆեկտը ունեցավ: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հերթական անգամ խստորեն դատապարտեցին ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը, բազմաթիվ հեղինակավոր պարբերականներ անդրադարձան Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ծանր վիճակին, եւ ժողովրդի աղքատության բարձր տոկոսների պայմաններում իշխող կլանի սուլթանական ապրելակերպին:
Ադրբեջանական իշխող կլանի մեծապետական երազանքներին հերթական հարվածը հասցրեց Եվրոպական կայունության նախաձեռնություն (European Stability Initiative) հետազոտական ինստիտուտի ներկայացրած «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը ստիպեց լռել Եվրոպայի խորհրդին» զեկույցը։
Դրանում մանրամասնորեն ներկայացվում է թե ինչպես 2001թ.-ից սկսած Ադրբեջանի ղեկավարությունը տարբեր նվերների եւ կաշառքների միջոցով կարողացել է ձեռք բերել ԵԽԽՎ անդամների «բարյացկամ» վերաբերմունքը երկրի հանդեպ։
Իսկ ինչ վերաբերում է ՄԱԿ-ի ԱԽ-ում Ադրբեջանի ոդիսականին, ապա այն իրականացվել է միջազգային այդ հեղինակավոր կառույցի ոգուն հակառակ եւ ընթացակարգի լուրջ խախտումներով։ Այս մասին դեռեւս մայիսի 10-ին անդրադարձ էին կատարել հայկական կայքերը, մասնրամասն նկարագրելով թե ինչպես էին ԱԽ անդամները զսպել էին ադրբեջանական կողմին ու պահանջել որպեսզի նիստին ելույթով հանդես գա նաեւ Հայաստանի ներկայացուցիչը` հակառակ ադրբեջանական կողմի համառության եւ ստեղծած խոչընդոտներին: Ի դեպ, ԱԽ երկրներից մեկի ներկայացուցիչը ակնարկել էր, որ ԱԽ-ը պետք չէ շփոթել ադրբեջանական շուկայի հետ:
Նյու Յորքի լրատվական ու դիվանագիտական համայնքներում դեռեւս քննարկվում է մայիս ամսվա ընթացում մամուլի հետ Ադրբեջանի ներկայացուցիչների ոչ կոմպետենտ հանդիպման, ինչպես նաեւ Իլհամ Ալիեւի՝ ՄԱԿ-ում ունեցած ռասիզմով լի տխրահռչակ ելույթը, որը մեծապես հիասթափեցրել էր կազմակերպության անդամ երկրներին ու քարտուղարության պաշտոնատարներին:
Այսպիսով, հերթական անգամ Ադրբեջանը իրեն դրսեւորեց որպես ոչ կառուցողական խաղացող միաջազգային թատերաբեմում, իսկ նավթի եւ խավիարի ռեսուրսների գործադրումը չօգնեց ծածկելու սեփական ժողովրդին լծի տակ պահող իշխող կլանի իրական դեմքը:
Վարդան Գասպարյան


























