Առաջիկա 7 տարիների ընթացքում Հայաստանը կբախվի ծնելիության ցուցանիշի անկման խնդրի հետ: Այդ մասին այսօր` հունիսի 11-ին, լրագրողներին ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Դա պայմանավորված է նրանով, որ ակտիվ վերարտադրության տարիք են մտնում 90-ական թվականների ծնվածները, իսկ այդ տարիներին ծնունդների անկում կար: Նրա խոսքով` ծնելիության անկումից խուսափել հնարավոր չէ: «Ընտանիքում պետք է ծնվի 2.1- 2.2 երեխա, որպեսզի պարզ վերարտադրությունն ապահովվի: Եթե դրանից պակաս է` արդեն նեղացող վերարտադրություն է: Այդ նեղացող վերարտադրությունը մեզ մոտ սկսել է 1993-94 թթ.»,- ասաց Ռ. Եգանյանը: Նրա տեղեկացմամբ` վերարտադրական տարիքում գտնվող մեկ զույգի վերարտադրման ցուցանիշը ներկայում կազմում է 1.4, մինչդեռ 20-րդ դարի 70-80-ական թվականներին յուրաքանչյուր զույգ միջինում ունենում էր երեք երեխա՝ ապահովելով 2.6 վերարտադրության ցուցանիշ:

Բացի այդ` 1000 բնակչի հաշվով ամուսնությունների ցուցանիշը ներկայում 6-ի շրջանակներում է, անցյալ դարի 80-ական թվականների 10-ի համեմատ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի