Առաջիկայում կմեկնարկեն Երեւանի Հյուսիսային պողոտայի բարեկարգման, կանաչապատման եւ արտաքին լուսավորության ցանցի նորացման աշխատանքները, ինչի արդյունքում պողոտայում մոտ երեք անգամ կավելանան կանաչ տարածքները, կփոխարինվեն սալիկներն ու նոր լուծումներ կտրվի արտաքին լուսավորությանը: Այս մասին Երեւանի քաղաքապետարանում հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հանձնարարվել է ծրագրին մասնակից դարձնել նաեւ պողոտայի տարածքում գտնվող օբյեկտների սեփականատերերին:

Այգիներում եւ պուրակներում գիշերային լուսավորություն ապահովելու նպատակով եւս հանձնարարվել է աշխատանքներին մասնակից դարձնել նաեւ տարածքները վարձակալած տնտեսվարողներին:

Զեկուցվել է, որ համապատասխան իրավական քայլեր են ձեռնարկվել պարտադիր բարեկարգման նորմերը չպահպանող մի շարք տնտեսավարող սուբյեկտների հետ վարձակալական պայմանագրերը դադարեցնելու ուղղությամբ:

Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հետեւողական աշխատանքը մասնավոր այն ընկերությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել ներդրումային ծրագրերի շրջանակում աջակցել մայրաքաղաքում գույքագրված եւ վերագործարկման ենթակա շատրվանների վերանորոգման հարցում: