Ընդդեմ կանանց դեմ բռնության կոալիցիան, հունիսի 12-ին, ժամը 11:00-ին, կազմակերպում է ցույց նախագահական նստավայրի առջեւ` սկեսուրի եւ ամուսնու կողմից դաժան ծեծի եւ խոշտանգումների ենթարկված Մարիամ Գեւորգյանի գործի առնչությամբ:

Ցույցի մասնակիցները երկու նամակ են փոխանցելու` բողոք դատավորի գործողությունների հետ կապված եւ նման դատավարությունները բաց իրականացնելու պահանջը:

Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանը, հարսին խոշտանգումների է ենթարկել որդու` Դավիթ Զիրոյանի հետ: Գեւորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին տեղափոխվել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի եւ կտտանքների են ենթարկել:

Երեւան վերադառնալուց հետո Գեւորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչեւ 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել ՀՀ 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ:

Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) եւ 119 (խոշտանգում) հոդվածներով:

Հիշեցնենք, հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 14-ին, ժամը 12:30-ին Արտաշատում: