Թերթը զրուցել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Համլետ Հարությունյանի հետ.   

Պրն Հարությունյան, դուք հաճախ եք լինում Արցախում եւ քաջատեղյակ եք արցախցի մեր հայրենակիցների տրամադրություններին։ Բնակչությունն ինչպե՞ս արձագանքեց սահմանային վերջին միջադեպերին։ 

Սուտ կլինի, եթե ասեմ, որ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը չեն ազդում մարդկանց վրա։ Իհարկե ազդում են, բայց անհանգստություն, առավել եւս խուճապի կամ հուսահատության նշույլ բնակչության շրջանում չեմ տեսել։ 

Հետո, ղարաբաղցիների եւ թուրքերի հակամարտությունը տարբեր որակներով, տարբեր դրսեւորումներով երեւի թե հարյուրամյակների պատմություն ունի. ընդամենը զենքի տեսակներն են փոխվել եւ թուրքական կողմի մարտավարությունը։ Այնպես որ ղարաբաղցիները դրան սովոր են եւ շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով. ժողովուրդը եւ բանակը միասնական են, մարտունակ եւ պատրաստ դիմագրավելու ադրբեջանցիների ցանկացած ոտնձգության։ 

Այս իրադարձությունները չե՞ն շեղել մարդկանց ուշադրությունը հուլիսի 19-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններից։ 

Ոչ։ Չնայած ընտրարշավը դեռ չի մեկնարկել, Արցախում արդեն նախընտրական շունչ է զգացվում. ժողովուրդը պատրաստվում է առաջիկա նախագահական ընտրություններին։ Համոզված եմ, այս համապետական ընտրությունները Ղարաբաղում կանցնեն, ինչպես միշտ, որակապես բարձր մակարդակով։ Համենայն դեպս, այնտեղ չեք լսի ընտրակաշառքների, ահաբեկումների, ընտրակարուսելների եւ ընտրական գործընթացը խաթարող այլ տեխնոլոգիաների մասին։ 

Իհարկե, այդ երեւույթները Հայաստանում էլ եղանակ չեն ստեղծում։ Տարբերությունն այն է, որ ղարաբաղցիներն ավելի օբյեկտիվ են իրենց գնահատականներում. չկա իշխանության նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողական տրամադրված այն զանգվածը, որը փորձում է ամեն կերպ սեւացնել նույնիսկ ամենահաջող ընտրությունները։