Մեր հերոսներն անմատչելի են այսօվա սերնդին, շատ հերոսների ոսկորներ նետված են, իսկ եթե դու չես սիրում քո հերոսներին, թշնամին նրանց կդարձնի ավազակ: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ պահեստային մայոր, ԼՂՀ Մարտական Խաչ 2-րդ աստիճանի ասպետ Պավել Մանուկյանը՝ հավելելով, որ սա կանխամտածված, պետական մասշտաբի անտարբերություն է:

Այսօր Մոնթեի մահվան օրն է: Պավել Մանուկյանը նշեց, որ Մոնթեից շատ բան ունենք սովորելու՝ վեհություն, հայրենապաշտություն, սակավապաշտութուն եւ այլն:

Նա Մոնթեի հետ ընդամենը մեկ մարտական գործողության է մասնակցել՝ Քելբաջարի ազատագրմանը: «Մոնթեն այն եզակի դեմքերից էր, որը բոլոր գիտությունների մեջ խորացել էր եւ բոլորը ծառայեցնում էր զինված ուժերին»,- ասաց նա:

Պավել Մանուկյանի խոսքով` Մոնթեի գործը թերի մնաց, որովհետեւ այն սերնդին չներկայացվեց: «Ազգային հերոսները մետաղները չեն: Կան մարդիկ, որոնք հերոս կոչվելու իրավունք չունեն: Մոնթեն այն մեծ հերոսներից էր, որի առաջ հայ ժողովուրդը մեծ անելիք ունի»,- ասաց նա: