ԱՄՆ Կոնգրեսի անդամ եւ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ադամ Շիֆը կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, որը նա 2009թ. մարտի 17-ին ներկայացրել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի դատին: Այդ մասին հաղորդել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA):
Ադամ Շիֆը նկատել է, որ բանաձեւի ընդունումն անհրաժեշտ քայլ է Օսմանյան կայսրությունում կատարված դեպքերը մերժելու Թուրքիայի գաղափարախոսության դեմ, նաեւ ճշմարտության վրա հիմնված հայ-թուրքական երկարաժամկետ հարաբերությունների հիմք:
ANCA-ն հաղորդում է, որ "կոնգրեսմենի կոչը պատասխան էր Ամերիկայի թուրքական ընկերակցությունների վեհաժողովի եւ Ամերիկայի թուրքական ընկերակցությունների դաշնության նամակին, որում խոսվում էր հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրություններում պատմական փաստերի եւ իրադարձությունների ուսումնասիրման միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման մասին: Համաձայն ATAA-ի եւ FTAA-ի՝ այդ դրույթը երաշխիք է Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը չդատապարտելու եւ բանաձեւ չնդունելու համար: Նամակում նշված էր, թե «ենթահանձնաժողովի հետազոտությունները կբացահայտեն 1885-1919թթ. հայերի ապստամբությունների փաստը: Այդ ընթացքում զոհվել է 1,1 մլն օսմանցի թուրք եւ հրեա»:
Կոնգրեսմեն Շիֆն իր հերթին դեկտեմբերի 18-ին գրած նամակում հայտնել է, որ ստացել է այդ նամակն ու «այն կարդալուց հետո ավելի քան վստահ է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը մոռացության չմատնելու լավագույն ձեւը բանաձեւի ընդունումն է»:



























