Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանը հրաման է ստորագրել նախադպրոցական եւ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը մինչեւ դեկտեմբերի 28-ը դադարեցնելու մասին:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ, հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի առաջարկը` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանը հրաման է ստորագրել դեկտեմբերի 21-28-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում գործող նախադպրոցական եւ հանրակրթական ուսումնական հաստատություններում (անկախ կազմակերպաիրավական ձեւից) ուսումնական գործընթացը դադարեցնելու վերաբերյալ: Հանրակրթական ուսումնական հաստատություններում առաջին կիսամյակի գնահատականները կամփոփվեն հունվար ամսին:
Հիշեցնենք, որ կրթական հաստատությունները փակ էին արդեն դեկտեմբերի 9-ից՝ երկրում մոլեգնող գրիպի համաճարակի պատճառով:




























