Այսօր կառավարությունում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարի կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը կառավարական հանձնաժողովին զեկուցել են, որ իրենց վրա դրված խնդիրները լուծված են: Նրանք նաեւ հանձնաժողովին տեղեկացրել են, որ հուլիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 12-ին, Թեհրան-Երեւան չվերթով Հայաստան կփոխադրվեն ավիավթարի հետեւանքով զոհված ՀՀ հինգ քաղաքացիների մասունքները` մահվան սափորներով, հարազատների ուղեկցությամբ:
Օդանավակայանում նրանց դիմավորելու են կառավարական հանձնաժողովի անդամներ` Երեւանի փոխքաղաքապետը, օպերատիվ շտաբի անդամները, եկեղեցու սպասավորներ, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Օդանավակայանի կարգո համալիրում հոգեւոր հայրերը կմատուցեն հոգեհանգստի արարողություն, որից հետո մասունքները կտեղափոխվեն՝ ըստ համապատասխան հասցեների:
Հուլիսի 18-ին, ժամը 11-ին Սբ Էջմիածնի մայր տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի կունենա ինքնաթիռի վթարի զոհերի հոգեհանգստյան արարողություն:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ՏՈՒ-154 ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել է 168 մարդ, այդ թվում ինքնաթիռի 15 հոգանոց անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ուղեւորների թվում եղել են տասնյակ հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները:



















