Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, որի ղեկավարած քաղաքում ոստիկանները ժամանակ առ ժամանակ խանութներում գնդակահարում են քաղաքացիներին կամ սափրագլուխ ֆաշիստներից ոչ պակաս ջանասիրությամբ ծեծելով սպանում են ոչ սլավոնական արտաքին ունեցող մարդկանց, կարծում է, որ ճգնաժամի արդյունքում աշխատանքը կորցրած ԱՊՀ երկրներից եկած միգրանտներն են մեղավոր իր ղեկավարած քաղաքում հանցագործության կտրուկ աճի համար։ Նա կարծում է, որ Ռուսաստանի միգրացիոն օրենքը չափազանց մեղմ ու լիբերալ է։ Լուժկովին վրդովվեցնում է այն, որ ԱՊՀ երկրներից Ռուսաստան ժամանողները կարող են 90 օր առանց չինովնիկին տեսակցելու գտնվել ՌԴ-ում։ «Տվյալ ժամանակահատվածը պետք է դարձնել մեկ ամիս, իսկ 90 օրը ոչ մի կերպ չարդարացված երկար ժամկետ է»,- «Վեդոմոստիի» փոխանցմամբ հայտարարել է նա։

Տեղեկացնենք, որ ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալներով, 2009 թվականի 11 ամիսների ընթացքում կատարված հանցագործություններից միայն 2 տոկոսն է իրականացվել միգրանտների կողմից։ Ընդ որում՝ աղբյուրը նշել է, որ աշխատանքը կորցած միգրանտների մեծ մասը վերադառնում է հայրենիք։

Լուժկովի այս հայտարարությանը նախորդել է այն, որ Մոսկվայի տրանսպորտի պատասխանատու «Մոսգոստրանս» ընկերությունը արգելել է հաջորդ տարվանից միգրանտներին աշխատանքի ընդունել, որպես երթուղային տաքսու վարորդներ, պատճառաբանելով, թե իբր նրանք մեքենաները վարում են անպատասխանատու ձեւով։

Մոսկվայի քաղաքապետարանը միգրանտների աշխատատեղերի պահանջարկը 250 հազարից նվազեցրել է 200 հազարի, իսկ Մերձմոսկովյան շրջանում աշխատանքային քվոտաները 116 հազարից նվազեցվել է 85 հազարի։