Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիի մերձակա «Ակ բուլակ» համալիրում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Գագաթնաժողովին մասնակցում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի նախագահները:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին, առեւտրատնտեսական փոխգործակցության հետագա խորացմանը, նորաստեղծ հակաճգնաժամային հիմանդրամին, ՀԱՊԿ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին` գագաթնաժողովի կազմակերպման համար, նկատելով, որ նախորդ տարի դեկտեմբերին տեղի ունեցած նմանատիպ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում կայացվել են մի շարք առանցքային որոշումներ` ուղղված ինտեգրացիոն գործընթացների հետագա առաջմղմանը եւ մեր երկրների առջեւ ծառացած կոնկրետ խնդիրների լուծմանը: Դրանք անցնող տարվա ընթացքում հաջողությամբ կյանքի են կոչվել, ադ թվում՝ ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման ուժերի ստեղծումը եւ դրան հաջորդած զորավարժությունները, հակաճգնաժամային հիմնադրամի եւ տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման մասին որոշումները: Սերժ Սարգսյանը կարեւորել է համագործակցության եւ ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման աշխատանքներն, այդ թվում` ռազմաքաղաքական համագործակցության ու կադրերի համատեղ պատրաստման, անվտանգության միջավայրի հետագա ամրապնդման ուղղությամբ:

Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների միասնական արձագանքման անհրաժեշտությունը բոլոր այն պարագաներում, երբ երկրներից մեկը խախտում է միջազգային իրավունքի ընդունված նորմերը կամ կազմակերպության անդամ երկիրը շրջանցում է կազմակերպության հիմքում ընկած սկզբունքները:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաեւին` 2010 թ. ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Հայաստանի նախագահն ընդգծել է, որ սա առաջին դեպքն է, երբ ԵԱՀԿ-ում նախագահելու է ՀԱՊԿ անդամ պետությունը եւ հավելել, որ մեր երկիրն աջակցել է Ղազախստանի նախագահության նախաձեռնությանը:

Պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը վաղը՝ դեկտեմբերի 20-ին կավարտի աշխատանքը: