«Արցախի հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը գլխավոր և առաջնային խնդիր է համարում ԼՂՀ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ձեռք բերած անկախ կարգավիճակի անհապաղ ճանաչումը»,- ասված է ՀԴԿ հանրապետական խորհրդի այսօր տարածած հայտարարության մեջ:
«Այն պետք է դիտարկվի որպես պայման` Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի հետևանքների հաղթահարմանը վերաբերող բանակցությունների: Մենք ելնում ենք այն պարզ ճշմարտությունից, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը օրինական ճանապարհով դուրս է եկել Ադրբեջանի կազմից և համաժողովրդական հանրաքվեի արդյունքում արձանագրել ինքնորոշման իր իրավունքի արդյունքը, այն է` հռչակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Հաշվի առնելով, որ տարիներ շարունակ ՀՀ իշխանությունները ներքաշվել են հիմնահարցի լուծման քաղաքական բանակցությունների մեջ, և որը, վերջնականորեն բերել է փակուղի, ՀԴԿ-ն ևս մեկ անգամ հորդորում է և պահանջում ՀՀ իշխանություններից՝ հիմնավորել անպտուղ բանակցությունների դրդապատճառները և հանդես գալ նախաձեռնությամբ` տեղափոխել բանակցությունների գործընթացը իր իսկ բնականոն հարթություն, իրավական դաշտում հիմնահարցի լուծումներ գտնելու համար»,- նշում են հայտարարության հեղինակներն ու հավելում. «Եվս մեկ անգամ վերահաստատում ենք ՀԴԿ վերաբերմունքը „մադրիդյան սկզբունքների“ նկատմամբ, այն է` ոչ մի կետով դրանք չեն համապատասխանում Արցախի ժողովրդի և ամբողջ հայության շահերին:
Օգտագործելով ԼՂՀ շահերի պաշտպանության քաղաքական մեր հարուստ փորձը, մենք կգնանք համապատասխան քայլերի, որոնք կարգելակեն ղարաբաղյան հիմնահարցի ցանկացած անարդարացի լուծում»:



















