«2009 թվականին նշանակալի իրադարձություն էր Հայաստանի նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը, որը թույլ տվեց նման փոքր երկրին՝ գերտերությունների հետ խոսել որպես հավասարը հավասարի, ինչպես նաեւ կարեւորել իր դերը միջազգային կառույցներում, այլ խոսքով՝ ցույց տալ իրեն քարտեզի վրա»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը: Նրա խոսքով, Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունը հայ-թուրքական հարցում հանրապետությանը թույլ տվեց բարձրացնել իր միջազգային վարկը, իսկ նման նախաձեռնողականությունը միջազգային կառույցներում, ասենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) թույլ տվեց այդ կազմակերպություններին՝ ավելի լուրջ երեւալ: «Հենց Հայաստանի նախաձեռնողականությունը ՀԱՊԿ-ին դե ֆակտո ձեւական կառույցից վերածեց լուրջ կառույցի` արագ արձագանքման ուժերի ստեղծմամբ»,- հայտարարեց Թ. Պողոսյանը՝ հավելելով, որ 2009-ի հաջորդ նշանակալի իրադարձությունը իշխանությունների երկխոսության մեջ մտնելն է հասարակության հետ՝ բոլոր հարցերում:
Ինչ վերաբերում է 2010-ի կանխատեսումներին, ապա փորձագետի կարծիքով, հատուկ առաջխաղացումներ ԼՂ հարցում պետք չէ սպասել, հատկապես հաշվի առնելով մոտ ժամանակներս Մինսկի խմբում ռուս եւ ֆրանսիացի համանախագահների փոփոխությունը եւ Ադրբեջանի անզիջում կեցվածքը:
Իսկ ահա հայ-թուրքական գործընթացում, ըստ Պողոսյանի, ձմռան վերջին գարնան սկզբին կարելի է սպասել դրական տեղաշարժեր՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման տեսքով: Ընդ որում, նա նշեց, որ Թուրքիան դա անելու է միջազգային հանրության ճնշման ներքո: «Եթե Թուրքիան հետաձգի այդ հարցը, ասենք՝ մինչեւ ապրիլի 23-ը, ապա արձանագրությունների վավերացումը կկորցնի իր արժեքը միջազգային հանրության աչքում, եւ լիովին հնարավոր է, որ „սանկցիաներ“ կիրառվեն Անկարայի նկատմամբ՝ հայերի ցեղասպանության ճանաչման գործընթացն ակտիվացնելու տեսքով»,- ասաց նա: Իսկ ներքաղաքական տեսանկյունից՝ 2010 թվականը, ըստ փորձագետի, կլինի հանգիստ, իսկ տնտեսական առումով` բավականին բարդ:




























