«Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության նախագահ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն մեղադրել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին՝ երկրում ժողովրդավարական չափանիշները ոտնահարելու և քաղաքական տեռոր իրականացնելու համար: Նա այդ մասին հայտարարել է Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Բուրջանաձեն հանդիպումներ է ունեցել ԱՄՆ սենատում, պետդեպարտամենտում, ԱՄՆ պաշտպանության նախարարությունում, ինչպես նաև Մարշալի հիմնադրամում: Նրա այցելության ընթացքում հանդիպումներ են նախատեսվում նաև ԱՄՆ Կոնգրեսում, Սպիտակ տանը, Հելսինկյան կոմիտեում, Միջազգային հանրապետական ինստիտուտում, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նախկին խոսնակի ներկայացմամբ՝ ԱՄՆ-ում տեղյակ են, թե ինչ է կատարվում Վրաստանում, բայց միևնույն ժամանակ գիտակցում են, որ երկրին անհրաժեշտ է ոչ միայն ժողովրդավարություն, այլ նաև կայունություն: «Շատ մարդիկ են ձերբակալված՝ առանց որեւէ լուրջ ու փաստարկված հիմքի: Կան շատ փաստեր ֆինանսական և քաղաքական տեռորի մասին», -ասել է վրացի ընդդիմադիր գործիչը եւ որպես ապացույց, ցուցադրել է լուսանկարներ, որոնք պատկերում են, թե ինչպես են ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցներին ծեծում: Բուրջանաձեն վստահեցրել է, որ «այդ պայքարը չի վերջանա»: Նա նաև ասել է, որ իր երկիրը նորմալ զարգացում կունենա միայն արտահերթ նախագահական ընտրությունենրից հետո:
Բուրջանաձեն անհրաժեշտ է համարել ԱՄՆ-ի կողմից Վրաստանին հատկացվող ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական ու ռազմական օգնությունը: Նա ողջունել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի` առաջիկայում Թբիլիսի կատարելիք այցը եւ հույս հայտնել, որ նա կհանդիպի նաև ընդդիմության թևի հետ:




























