2009 թվականին վերանորոգվել են ընդհանուր առմամբ 418 կմ տարբեր ճանապարհահատվածներ, ինչի համար ծախսվել է 39,8 մլրդ դրամ։ Այս մասին դեկտեմբերի 21-ին կայացած տարեվերջյան ասուլիսում հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ նախարարությունը ավտոճանապարհների հիմնանորոգումն իրականացրել է 3 բաղադրիչներով։ Ըստ նրա` կատարվել է պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում, «Գյուղական ճանապարհներ» ծրագիրը, որը ֆինանսավորել է Ասիական զարգաման բանկը եւ Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավում» ծրագիրը:

Նախարարի խոսքով՝ ճգնաժամը ոլորտի վրա ազդեցություն թողեց, բայց նախանշված բոլոր ծրագրերը մեծ մասամբ իրականացվել են և մինչև տարեվերջ կամփոփվեն։ «Ընդհանուր առմամբ, այս տարի ՀԲ ֆինանսավորմամբ հանձնում ենք 158 կմ ճանապարհներ, ևս 100 կմ կհանձնենք հաջորդ տարի»,- նշեց Գ.Սարգսյանը։ Նրա խոսքով՝ 2010 թվականին շարունակվելու է Սևանի ավազանում լճի ջրի մակարդակի բարձրացմամբ պայմանավորված ճանապարհահատվածի բարձրացումը։ «Լճաշեն համայնքի հատվածում ջուրն արդեն ողողում էր ճանապարհը։ Համապատասխան միջոցառումներ են իրականացվել եւ արագ լուծում է տրվել, ճանապարհը բարձրացվել է։ Աշխատանքը դեռ չի ավարտվել, բայց երթեւկությունը բացված է», վստահեցրեց նախարարը: