Ամենալուրջ փոփոխությունը Հարավային Կովկասում 2009-ի ընթացքում այն է, որ Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան դադարել են Եվրոպայի համար էներգետիկ գործընկերության առումով միասնական աշխարհաքաղաքական առանցք համարվել տարածաշրջանում` միասնական անվտանգության համակարգով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վրացի փորձագետ, «Հասարակական նախագծերի կենտրոն» կազմակերպության ղեկավար Գիա Խուխաշվիլին: «Հիմա, տարվա արդյունքներով կարելի է ասել, որ այդ կոնֆիգուրացիան լուրջ փոփոխությունների է ենթարկվում եւ վեկտորները կարող են տարբեր ուղղություններ ունենալ: Այնպես որ տարածաշրջանում մեծ փոփոխությունների հեռանկար կա»,- ասել է նա:

Տարածաշրջանի մոդեռնիզացիայի հիմնական բանալին, ըստ նրա, Ղարաբաղի խնդիրն է: «Եթե այդ հարցում կողմերը լուծում գտնեն, ապա Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի ամենաուժեղ ու արժանի խաղացողը»,- նշել է փորձագետը՝ հավելելով, որ 2009-ի համար Կովկասում ամենալուրջ իրադարձությունը հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման փորձն է: Նրա խոսքով, դա կարելի է համարել ոչ միայն «տարվա իրադարձություն», այլեւ ամենալուրջ առաջընթացը վերջին 10 տարում: «Հայաստանը, որը փաստացի կտրված էր տարածաշրջանի գլոբալ գործընթացներից, հիմա կարող է դառնալ նրա լիարժեք մասնակիցը: Ավելին. Նա կարող է դառնալ անկախ խաղացող, ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար»,- ընդգծել է Խուխաշվիլին, հավելելով, որ եթե նախկինում Հայաստանը փաստացի գտնվում էր Ռուսաստանի ամբողջական վերահսկողության տակ, հիմա անկախ դերակատարում ունենալու, նոր գործընկերների հետ հարաբերություններ կերտելու շանս ունի:

Միաժամանակ, քաղաքագետը չի բացառել նոր ռազմական հակամարտության վերսկսման կամ հին «սառեցված» հակամարտությունների վերսկսման հավանականությունը 2010-ին: «Ներկա պայմաններում, երբ աշխարհում ամեն բան որոշում են մեծ խաղացողները, փաստացի հնարավոր է ամեն ինչ: Լարվածությունը բավականին մեծ է ոչ միայն մեր տարածաշրջանում: Նման իրավիճակներում առաջ են գալիս ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ռիսկեր»,- ասաց նա:

Անդրադառնալով Վրաստանում տիրող իրավիճակին՝ Խուխաշվիլին նշեց, որ ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանի աշխարհաքաղաքական դերակատարումը օր-օրի անկում է ապրում, որի ֆոնին իր դերակատարումն է մեծացնում Թուրքիան: Ինչ վերաբերում է Վրաստանի ներքին քաղաքական վիճակին, ապա փորձագետը նշեց, որ իրական քաղաքական զարգացումներ 2010-ին չեն սպասվում, հասարակությունը արդեն չի վստահում ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը: «Հասարակություն մեջ այսօր գերիշխում են նիհիլիստական տրամադրությունները: Հասարակությունը փաստացի մնացել է առանց առաջնորդների, քաղաքական սպեկտրը գնում է մի ուղղությամբ, իսկ ժողովուրդը` այլ»,- ընդգծեց նա՝ ասելով սակայն, որ գարնանը ամեն բան կարող է փոխվել, քանի որ «Վրաստանում, ինչպես հայտնի է, ամեն բան շատ արագ է փոփոխվում»: