Եվրոպական պետությունները ներկայում չունեն բավարար ռազմական ներուժ՝ Մերձավոր Արևելքում ինքնուրույն գործողություններ իրականացնելու համար։ Այս մասին Bloomberg գործակալության հարցազրույցում հայտնել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն։

Նրա խոսքով, եթե Մերձավոր Արևելքում ստեղծվի իրավիճակ, որը կպահանջի ռազմական միջամտություն, եվրոպացիները պետք է կարողանան գործել ինքնուրույն, այլ ոչ թե ապավինել Վաշինգտոնին։ «Այս պահին եվրոպացիները բավարար մակարդակի հնարավորություններ չունեն դա անելու համար։ Այդ պատճառով ամերիկյան առաջնորդությունը դեռևս անհրաժեշտ է», - ընդգծել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Ռյուտտեն նաև նշել է, որ Բեռլինի պատի անկումից հետո եվրոպական երկրները խիստ կրճատել են պաշտպանական ծախսերը՝ երկարատև խաղաղության հույս ունենալով։ Այդ կապակցությամբ նա կոչ է արել դաշնակիցներին մեծացնել ռազմական բյուջեները և զարգացնել պաշտպանական արդյունաբերության հզորությունները՝ սեփական ներուժն ամրապնդելու համար։

Անդրադառնալով Կարմիր ծովում տիրող իրավիճակին՝ դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ նավագնացության ազատության ապահովումը չի կարելի ամբողջությամբ բարդել Միացյալ Նահանգների վրա։ Նա հստակեցրել է, որ Եվրոպայի երկրներն ունեն ականազերծման զարգացած միջոցներ, որոնք գերազանցում են ամերիկյաններին և կարող են կիրառվել տարածաշրջանում։