Թերթը գրում է, որ կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ «կողմերի» ու «դեմերի» հարցը պարզ էր, սակայն մեկ ձեռնպահը լուրջ ալեկոծություն էր առաջացրել, եւ բոլորը գուշակում էին, թե դա ով է:
«Ավելի ուշ պարզ դարձավ, որ ձեռնպահը Գրիգոր Մարգարյանն է՝ Բելաջիոյի Գրիշը, ով ԲՀԿ հովանու տակ է մտել ԱԺ, սակայն նախընտրական հանրահավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը կոչ է արել նրա օգտին քվեարկել:
Մեր տեղեկություններով, արդյունքում Գրիշը խոստացել է նախագահի գծին երբեւէ դեմ չգնալ: Երեկ, նիստից հետո լրագրողները շրջապատել են Մարգարյանին՝ հարցապնդումով, թե ինչպես է նա քվեարկել: Նա ասել է. դեմ եմ քվեարկել, մենք «թմով ենք քվեարկում»: Սակայն, երբ լրագրողները համառել են, ասել է. ես ազատ մարդ եմ, ոնց ուզեմ՝ կքվեարկեմ:
Ավելի ուշ տեղեկացանք, որ նա ԱԺ արձանագրային բաժնում դիմում է գրել՝ նշելով, որ ինքը սխալ կոճակ է սեղմել, խնդրում է չեղյալ համարել քվեարկության արդյունքը, ինչին պատասխանել են, որ դա հնարավոր չէ. քվեարկության արդյունքներն արձանագրված են եւ փոփոխության ենթակա չեն»,- գրում է «Հրապարակը»:




























