ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կառավարության ներկայացրած ծրագրում մեկ դրական կետ է նկատել այն էլ  մշակույթի հատվածում: Այս մասին նա ասաց այսօր` հունիսի 22-ին, մամուլի ասուլիսում:

Վերջինս նմանակելով վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրեց, թե վարչապետը ինչպես է պատասխանում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հարցին. «Կոռուպցիան այսօրվա կյանքում նորություն չէ, բոլոր ժամանակներում բոլորը պայքարում են դրա դեմ: Ես պետք է ասեմ, որ կոռուպցիայի առկայությունը չի նշանակում, որ ամեն ինչ լավ է, իսկ նրա չլինելը չի նշանակում, որ արդեն հաջողությունների ենք հասել: Պայքարի համար պետք է խնդիրը տեսնել իր հարթության մեջ: Նախ պետք է պարզել, թե որն է թիրախը: Ընդ որում այստեղ հարցեր կան» ու այսպես գնում են այդ խոսքերը: Եվ դու հասկանում ես, որ այս ամենի մեջ բացարձակ ոչինչ չկա»,- ասաց նա:

Հարցին, թե ինքն ինչպե՞ս կպատասխաներ նույն հարցին, Բագրատյանն արձագանքեց. «Կոռուպցիայի դեմ պայքարը նախեւառաջ ճիշտ տնտեսական քաղաքականություն է: Առաջին` տարանջատի պետությունն իշխանությունից: Դա մեզանից սովորել են: Երկրորդ` սուբսիդավորի սպառողին: Երրորդ` փոքրացրու պետական միջամտությունը»:

Հրանտ Բագրատյանը նշեց, որ չի հանդիպել եւ չի ցանկանում հանդիպել վարչապետին, քանի որ կարծում է, որ նա չի կարող պատասխանել իրենց բարձրացրած հարցերին: