«Այս տարի ոլորտն իր վրա զգացել է երկու սթրես: Առաջինը, որ պետք է առանձնացնեմ, տնտեսական ճգնաժամն էր, իսկ երկրորդը` նախարարի փոփոխության խնդիրը»,- դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Աշոտյանը: Ու չնայած այս սթրեսներին՝ նախարարը հավաստիացրեց, որ հասցրել է իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնք նախատեսված են եղել տարեսկզբին: Մի խոսքով Աշոտյանին լսողը միայն երնեկ կարող էր տալ Հայաստանյան ամենակարեւոր ոլորտին` կրթության ու գիտության գերատեսչությանը, որի աթոռին նստած էր ամենակարող նախարարը:

NEWS.am-ի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի այն քննադատությանը, որ ինքը չկարողացավ դիմակայել հրատարակչությունների գրոհին եւ առաջարկեց պատգամավորներին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքից հանել կարեւորագույն կետերից մի քանիսը, մասնավորապես՝ դասագրքերի փորձաքննության կետը, որը կրթամակարդակի բարձրացման կարեւոր գործոններից էր, Աշոտյանը պատասխանեց. «Տիկին Բախշյանին ես շատ հարգում եմ։ Նա ինձ միշտ քննադատում է, բայց նաեւ միշտ պատրաստ է օգնել, երկրորդ. դասագրքերի փորձաքննության այդ մեխանիզմը թանկ է: Դասագրքերի փորձաքննության մեխանիզմներ կան, լինելու են ապագայում: Այն մեխանիզմը , որ օրենքում գրված է, դա չի լինելու, ուրիշ մեխանիզմ է լինելու, օրենքի մեխանիզմը թանկ է, պատկերացնում եք միլիարդ 800 միլիոն դասագիրք տպագրենք, հետո ասենք. „լավը չեն“: Հետո չե՞ք ասելու՝ աննպատակ ծախսվեց, ստից բաներ տպեցին»: Կարճ ասած՝ բյուջեով «մտահոգված» նախարարը ընտրել է էժան եւ որակով տարբերակը: