Հայաստանի խորհրդարանը մեղսակից է 2008թ. մարտի 1-ին ժողովրդի դեմ կատարված հանցագործությանը: Այդ մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Վերջինս խիստ քննադատության ենթարկեց Ազգային ժողովի իշխանամետ այն պատգամավորներին, որոնք համարձակվում են հայտարարել, թե «մարտի 1-ի էջը փակված է»:
«Առ այսօր պատասխան չի տրվել հայ զինակոչիկին, որ պարտավոր էր պահպանել Հայաստանի սահմանը, Երեւանի կենտրոն բերելու եւ գնդակահարելու համար, ոչ ոք պատասխան չի տվել մարտի 1-ի 10 զոհերի համար»,- մանրամասնեց պատգամավորը:
Ըստ Փոստանջյանի՝ մինչեւ չտրվեն այդ բոլոր հարցերի պատասխանները, ոչ ոք չի կարող հանգիստ քնել, անգամ իշխանության պատգամավորները: «Վաղը այս բռնապետական ռեժիմը կարող է անցնել իրենց եւ իրենց հարազատներին»,- արձանագրեց Փոստանջյանը:



























