«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը համանուն խմբակցության ամենապասիվ պատգամավորն է: Այդ մասին է վկայում խմբակցության 2009թ. գործունեության հաշվետվությունը, որ դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովում ներկայացրին խմբակցության պատգամավորները:
Այսպես, 2009թ. ընթացքում Հովհաննիսյանը միայն 2 հայտարարություն է արել ԱԺ ամբիոնից եւ 2 անգամ էլ հարց է ուղղել կառավարությանը, ու վերջ:
Խմբակցության մյուս պատգամավորների ցուցանիշները մի քանի անգամ գերազանցում են իրենց առաջնորդի ցուցանիշը: Առաջատարը, բնականաբար, Լարիսա Ալավերդյանն է, որ 67 անգամ ելույթ է ունեցել օրինագծերի վերաբերյալ, 124 հարց է ուղղել օրինագծերի կապակցությամբ, 11 անգամ էլ հարց է ուղղել կառավարությանը: Խմբակցության մյուս պատգամավորները եւս ետ չեն մնում Լարիսա Ալավերդյանից:
Րաֆֆի Հովհաննիսյանը ետ է մնում իր խմբակցության պատգամավորներից նաեւ 2009թ. ընթացքում տված ասուլիսների քանակով՝ ընդամենը 2 ասուլիս: Առաջատարն այս հարցում Ստյոպա Սաֆարյանն է՝ 19 ասուլիս, որին հաջորդում են Զարուհի Փոստանջյանը՝ 15, եւ Արմեն Մարտիրոսյանը՝ 12 ասուլիսներով:




























