Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում հունիսի 1-ից-հուլիսի 22-ը տեւած պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջին հիմնական փուլից հետո հունիսի 25-հուլիսի 8 կկայանա կենտրոնացված բանավոր, ներբուհական քննությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը:
Նրա տեղեկացմամբ` ներբուհական քննություններ կան Թատերական, Ֆիզկուլտուրայի ինստիտուտներում, Կոնսերվատորիայում, Գեղարվեստի ակադեմիայում, Երեւանի պետական ճարտարապետական համալսարանում, Երեւանի պետական համալսարանում:
Հանրապետությունում կայանալիք բանավոր քննությունները հիմնական կլինեն անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, հայոց լեզու եւ գրականություն առարկաներից: Իսկ ներբուհական քննություններից են օրինակ Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելու համար կայանալիք բանավոր հաղորդակցման մշակույթ, ստեղծագործական մրցույթ քննությունները:
Գայանե Մանուկյանի տեղզեկացմամբ` կենտրոնացված բանավոր եւ ներբուհական քննություններում հանձնաժողովների կազմը որոշում են բուհերը, բայց այն ներկայացնում են ԳԹԿ, որը հաստատում է այդ կազմը եւ ուղարկում է նաեւ իր լիազորներին` հսկելու քննությունների ընթացքը:
«Այս քննությունները նույնպես տեսաձայնագրվում են, ցանկացած ոք կարող է մոնիտորի մոտ հետեւել երեխայի պատասխանին: Ինչպես նաեւ, եթե նախկինում դիմորդները գալիս էին քննության, սպասում, ապա այժմ ամեն մեկն ունի իր` քննության մտնելու ժամը եւ լրացուցիչ սպասելու կարիք չկա»,- ասաց նա:
Նշենք, որ «Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առարկաներից քննություններով շ հունիսի 22-ին, ավարտվեց Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում հունիսի 1-ից մեկնարկած պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջին հիմնական փուլը: Լրագրողների հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը նշել էր, որ հունիսի 24-ից հուլիսի 1-ը ԳԹԿ-ում կընդունվեն միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու դիմումները, որոնց կարող են հայտ ներկայացնել բանակից զորացրվածները, սփյուռքի մեր հայրենակիցները, ՀՀ քաղաքացիները, որոնք ավարտում են ուսումը օտարերկրյա պետությունների կրթական հաստատություններում եւ այն դիմորդենրը, որոնք հարգելի պատճառով չէին մասնակցել առաջին հիմնական փուլին:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























