Անկարայի հանրապետական դատախազությունը դեկտեմբերի 11-ին Սահմանադրական դատարանի որոշմամբ փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին նախագահ Ահմեդ Թուրքի նկատմամբ քրեական գործ է հարուցել։ Թուրքական Radıkal-ի փոխանցմամբ՝ քրդական կուսակցության փակումից հետո հիշյալ կուսակցության անդամների եւ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամների միջեւ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ահմեդ Թուրքը արել է հայտարարություններ, որի համար դատախազությունը գործ է հարուցել նրա դեմ՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 215՝ «Մեղավորի կամ մեղքի գովաբանություն», 216՝ «Ժողովրդի մեջ թշնամության եւ ատելության սերմանում», հոդվածներով։
NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ փակված քրդական կուսակցության նախկին առաջնորդ Ահմեդ Թուրքը հայտնել է, որ իրենց կուսակցության անդամները քաղաքական գործունեությունը կշարունակեն «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության մեջ: «Թուրքիայի ժողովրդավարական ուժերը, մտավորականները, գրողները կարեւոր համարեցին, որ այս շրջանում մեր պատգամավորները լինեն խորհրդարանում: Ինչպես նաեւ մանդատներց հրաժարվելը սխալ է համարել Իմրալի կղզու բանտում գտնվող Աբդուլլահ Օջալանը` այդ մասին կիսվելով իր փաստաբանների հետ»,- նշել է փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին նախագահ Ահմեդ Թուրքը:
Ի դեպ, Թուրքիայի Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 11-ին որոշում էր կայացրել, որ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը պետք է փակվի։ Թուրքիայի ՍԴ նախագահ Հաշիմ Քըլըչը հայտնել էր, որ կուսակցության փակման որոշումը պայմանավորված է այդ կուսակցության՝ PKK-ի հետ կապեր ունենալու եւ Թուրքիայի անբաժանելիության սկզբունքին վնասներ հասցնելու հանգամանքներով։ Հիշենք, որ Թուրքիայի գլխավոր դատախազությունը տվյալ կուսակցությունը փակելու հայցը ներկայացրել էր դեռեւս 2007 թվականի նոյեմբերի 16-ին։ Հայցադիմումում ներկայացվել էին 141 պատճառներ, թե ինչու է անհրաժեշտ փակել քրդական կուսակցությունը։




























