Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի մասնակցությամբ Մարսել քաղաքի Բորել այգում տեղի է ունեցել Երեւանի եւ Մարսելի համագործակցության համաձայնագրի 20- ամյա հոբելյանին նվիրված պաշտոնական արարողությունը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ միջոցառման շրջանակում Երեւանի եւ Մարսելի քաղաքապետերը ծաղկեպսակներ են տեղադրել այգում կանգնեցված Երեւանի եւ Մարսելի բարեկամությունը խորհրդանշող խաչքարի մոտ:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը` Ժան-Կլոդ Գոդենին հրավերի եւ ջերմ ընդունելության համար` ընդգծելով, որ Երեւանի եւ Մարսելի միջեւ կապերի ամրապնդման գործում իրապես մեծ է Մարսելի քաղաքապետի անձնական ներդրումը. «Պարոն քաղաքապետ, վստահեցնում եմ, որ Դուք իրապես ցանկալի եւ սպասված հյուր եք Երեւանում ու կարծում եմ, որ կհամաձայնեք առաջիկայում պաշտոնապես հյուրընկալվել մեզ մոտ: Հուսով եմ, որ Երեւանում մենք միասին գործնական քայլեր կձեռնարկենք մեր 20- ամյա համագործակցության համաձայնագրի թարմացման ուղղությամբ»-, նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավելելով, որ անցած երկու տասնամյակների համագործակցությունը բոլոր մակարդակներում գնահատում է բարձր: Օգտվելով առիթից ու դիմելով միջոցառմանը ներկա մարսելահայ համայնքի ներկայացուցիչներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնահատուկ կարեւորել է նրանց անմիջական դերակատարումը նաեւ հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի եւ փոխգործակցության ամրապնդման հարցում. «Նաեւ ձեր շնորհիվ է, որ այսօր ֆրանսիացիների համար օտար չեն հայ եւ Հայաստան հասկացությունները: Այս օրերին մենք մեկ անգամ եւս համոզվեցինք, որ տեղացիների համար մենք օտարներ չենք, ավելին մեզ հարգում եւ վստահում են այստեղ եւ մեծագույն հարգանք ուեն մեր երկրի հանդեպ: Լինելով յուրօրինակ կամուրջ երկու ժողովուրդների եւ երկրների միջեւ դուք եւս շատ կարեւոր դերակատարում ունեք մեր հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման առումով եւ կցանկանայի, որ այդ կամուրջը էլ քավելի ամրանա ու լինի անսասան»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենն իր հերթին դիմելով Երեւանի քաղաքապետին եւ հանդիսավոր արարողության մասնակիցներին, վերահաստատել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հնչեցրած հայ-ֆրանսիական բարեկամության եւ հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի առկայությունը, հավելելով, նաեւ որ չնայած այդ ամենին Երեւանի եւ Մարսելի համագործակցության ուղղություններն այսօր իսկապես վերանայման կարիք ունեն. «Պարոն քաղաքապետ Դուք ճիշտ եք նկատել, որ մեր երկու քաղաքների ներուժն այսօր շատ ավելին է քան էր 20 տարի առաջ: Եվ իսկապես մեր համաձայնագիրը վերանայման կարիք ունի, ինչը վստահ եմ մենք կանենք հնարավորին կարճ ժամկետներում: Համոզված եմ, որ սա կդառնա մեր փոխադարձ վստահության եւ հարգանքի եւս մեկ ապացույցը: Ի դեպ օգտվելով առիթից ես եւս շնորհակալություն հայտնեմ մեր հայ քաղաքացիներին, ովքեր իսկապես մեծ դեր եւ կարեւոր նշանակություն ունեն, ինչպես մեր երկուստեք հարաբերությունների, այնպես էլ Մարսելի կայուն զարգացման գործում»,- շեշտել է Ժան-Կլոդ Գոդենը:
Հանդիսավոր միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարազատ ու ջերմ մթնոլորտում շփվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, լսել նրանց բարեմաղթանքներն ու առաջարկները: Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս հավաստել է, որ Երեւանի քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է քննարկելու ներդումային առաջարկներ, որոնք որոշակիորեն կարող են նպաստել համայն հայության մայրաքաղաքի կայուն զարգացմանն ու առաջընթացին, ընդգծելով, որ այս մասին եւս զրուցել են Մարսելի քաղաքապետի հետ, ինչը կարտացոլվի Երեւանի եւ Մարսելի համագործակցության թարմացվելիք համաձայնագրում:




























