«Կավմինվոդիավիա» ընկերության այն մասնագետը, ով անցկացրել է վթարի ենթարկված Տու-154 ինքնաթիռի վերջին տեխնիկական սպասարկումը, ներգրավվել է ինքնաթիռի վթարի պատճառների հետաքննության գործում: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է այդ ավիաընկերության մամուլի քարտողար Օլգա Մաքսիմենկոն: Հիշեցնենք, որ վթարի ենթարկված ինքնաթիռը վերջին տեխնիկական զննումն անցել է Մինվոդի քաղաքում, ընդամենը մեկ ամիս առաջ, եւ պատրաստ է եղել շահագործման մինչեւ 2010 թվականը:
«Տեխնիկական սպասարկման ժամանակ հայտնաբերված անսարքությունների վերաբերյալ հարցին կարող է պատասխանել միայն մեր տեխնիկական բազայի պետը, ով ընդգրկվել է Միջազգային ավիացիոն կոմիտեի ղեկավարությամբ գործող ռուսական հանձնաժողովի կազմում, որն էլ երեկ մեկնել է Իրան»,- ասել է Մաքսիմենկոն: Նա ընդգծել է, որ տեխսպասարկման արդյունքում ինքնաթիռը պետք է ստանար սերտիֆիկատ, սակայն չի կարողացել հաստատել, արդյոք դա կատարվել է տվյալ դեպքում:
Նշենք, որ երեկ Մինվոդի քաղաքի օդանավակայանի շտաբի պետ Յուրի Սամսոնովը հրաժարվել է հաստատել տեղեկությունը, որ վթարի ենթարկված ինքնաթիռը մեկ ամիս առաջ տեխզննում է անցել Մինվոդիում: Քաղաքի տրանսպորտային դատախազության տվյալներով, ինքնաթիռը վերանորոգվել է Մինվոդիի քաղավիացիայի թիվ 411 գործարանում 2005 թվականին, սակայն այդ աշխատանքների երաշխիքային ժամկետն արդեն ավարտվել է:




























