ԵԱՀԿ Մինսկի համանախագահների խնդիրն է, որ անցնող տարում արձանագրված դրական դինամիկան պահպանվի նաեւ եկող տարի: Այդ մասին ադրբեջանական 1news.az կայքին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

«Օբյեկտիվ տվյալներ, որ առաջընթաց եղել է, կան: Բայց թե ինչպես կանցնի գործընթացը, դժվար է ասել: Նոր տարում մենք կաշխատենք Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հեթական հանդիպման վրա: Առայժմ տեղի եւ ժամանակի վերաբերյալ մենք կարծիքներ չունենք: Երբ լինենք տարածաշրջանում, այդ ժամանակ էլ կխոսենք այդ թեմայով»,- հայտարարել է Մերզլյակովը:

Նրա խոսքով, համանախագահները կձգտեն, որ 2010թ. դրական դինամիկան բերի ավելի նշանակալի արդյունքների. « Խոսքը գնում է ոչ ստորագրման, եւ ոչ էլ շրջանակային համաձայնագրի մասին: Խոսքը գնում է հիմնարար սկզբունքների համաձայնեցման մասին, որոնց վրա աշխատում ենք նախագահների յուրաքանչյուր հանդիպմանը»:

Նա նշել է նաեւ, որ այն, ինչ անվանվում է շրջանակային համաձայնագիր, փաստացի լինելու են նախագահների հավանությանը արժանացած հիմնարար սկզբունքները: «Չեմ կարծում, որ ինչ-որ փաստաթղթի ստորագրում կլինի: Դա կլինի կամ համատեղ հայտարարություն, որը թույլ կտա համանախագահներին եւ արտգործնախարարներին՝ անցնել համաձայնագրի տեքստի մշակմանը: Երբ այդ սկզբունքները համաձայնեցվեն, դա էլ կլինի առաջընթաց», ասել է Մերզլյակովը: