Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կայքէջում տեղադրվել է Մոնիտորինգի հանձնաժողովի եզրակացությունը Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ:

Իրենց զեկույցում Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն ընդգծում են, որ հանձնաժողովը իրականում ավելի խորը եւ մանրամասնորեն է ուսումնասիրել մարտի 1-ի իրադարձությունները, քան այն ներկայացված է զեկույցում: Զեկուցողները նաեւ ընդգծում են, որ կարդալով եզրակացությունը` տպավորություն է ստեղծվում, թե հանձնաժողովը խուսափել է դեմ դուրս գալ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական դիրքորոշմանը կամ էլ չի ցանկացել սուր քննադատության ենթարկել իշխանությունների գործողությունները: «Այս ինքնագրաքննությունը կասկածի տակ է դնում հանձնաժողովի կատարած աշխատանքը»,- նշվում է զեկույցում:

Զեկուցողները նաեւ հիշեցնում են, որ հանձնաժողովի ժամանակավոր անդամ, «Նոր ժամանակներ կուսակցության» նախագահ Արամ Կարապետյանը չի համաձայնել ստորագրել եզրակացության տակ: Նրանց կարծիքով, զեկույցում գլխավոր բացթողումը այն է, որ հանձնաժողովը միակողմանի է ներկայացրել մարտի 1-ի իրադարձությունները: Ընդ որում, այս հարցում զեկուցողները մեղադրել են ընդդիմությանը, որն իրական մեղադրանք չի ներկայացրել իշխանություններին: Բացի այդ, զեկույցի հեղինակները ընդգծել են, որ եզրակացության մեջ ոչինչ չի ասվում մարտի 1-ին եւ 2-ին հաջորդած իրադարձությունների, ձերբակալությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ իրականացված քրեական հետապնդումների մասին: Խոսելով մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված 10 մարդկանցից, Պրեսկոտը եւ Կոլոմբիեն նշում են, որ այս ուղղությամբ ոչ մի ձեռքբերումներ չի եղել: Հետեւաբար նրանք կարծում են, որ պետք է գտնվեն այն զենքերը եւ գնդակները, որոնցով սպանվել են 10 զոհերից 5-ը՝ հատկապես հաշվի առնելով այն վկայությունները, որոնց համաձայն` 5 գնդակից 3-ը հնարավոր է, որ արձակված լինեն ոստիկանների կողմից:

«Եթե այս հարցերը պատասխան չստանան, ապա տպավորություն կստեղծվի, որ ոստիկանությունը փորձում է կոծկել իրականությունը»,- գրված է զեկույցում: